Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «խորը հիասթափություն է ապրել»


«Սա Պուտինի արդեն երրորդ հայտարարությունն է Ռուսաստանի զինված ուժերը հետ քաշելու մասին, սակայն զորքերը հետ քաշելու որևէ նշան չի նկատվում»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն չի նկատվում Ուկրաինայի սահմաններից Ռուսաստանի կողմից զորքերը հետ քաշելու որևէ նշան:

«Սա Պուտինի արդեն երրորդ հայտարարությունն է Ռուսաստանի զինված ուժերը հետ քաշելու մասին, սակայն զորքերը հետ քաշելու որևէ նշան չի նկատվում: Ես հայտնում եմ իմ խորը հիասթափության մասին, քանի որ Ռուսաստանի զորքերի հետ քաշելը կդառնար Ուկրաինայում ճգնաժամի նվազեցմանն ուղղված կարևոր առաջին քայլը» - ասել է Ռասմուսենը:

«Ռուսաստանը չունի Ուկրաինայի հետ սահմաններին զորքերի այսպիսի քանակություն տեղափոխելու որևէ պատճառ», - շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ռուսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հանդես գալով Մոսկվայում, անմիջականորեն չի անդրադարձել Ռուսաստանի զորքերն Ուկրաինայի հետ սահմաններից հեռացնելու խնդրին:

Լավրովի հայտարարության մեջ սակայն նկատվել են հաշտության նշաններ: Նա ասել է, թե Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերություններն անհրաժեշտ է «վերաիմաստավորել»՝ Ուկրաինայում ծավալված ճգնաժամի լույսի ներքո:

«Այս հարաբերությունները պահանջում են զգալի վերաիմաստավորում, և Եվրամիության ու ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ մենք աշխատում ենք նման վերլուծություն իրականացնելու ուղղությամբ: Մենք պետք է ավելի լավ հասկանանք, թե որտեղ ենք գտնվում, ինչպիսի համընկնող գնահատականներ կան, ինչն է տարաձայնություններ առաջացնում և ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի հարաբերությունները վերադառնան այն փաստաթղթերի ամուր հիմքերին, որոնք ընկած են ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի գործունեության, Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հիմքում», - ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է նաև, որ Ուկրաինայում անցյալ շաբաթ այդ երկրի պետական բարձր պաշտոնյաների, տարածաշրջանային իշխանությունների ներկայացուցիչների և գործարար շրջանների ներկայացուցիչների միջև մեկնարկած «կլոր սեղանները», «չնայած դրանց ոչ կատարյալ լինելուն», ճիշտ ուղղությամբ իրականացվող քայլ են:

Լավրովը, բացի այդ, հորդորել է ԵԱՀԿ-ին հանդես գալ որպես միջնորդ՝ Ուկրաինայում ճգնաժամի լուծման գործում:
XS
SM
MD
LG