Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն դատապարտել է Սիրիայի կողմից ռազմական օդանավի ոչնչացումը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը` մամուլի հետ հանդիպման ընթացքում, Բրյուսել, 26 հունիսի 2012թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը` մամուլի հետ հանդիպման ընթացքում, Բրյուսել, 26 հունիսի 2012թ.
ՆԱՏՕ-ն դատապարտել է Սիրիայի զինված ուժերի կողմից թուրքական ռազմական օդանավի ոչնչացման փաստը` նշելով, որ այս հարձակումը վկայում է Սիրիայի կառավարության կողմից միջազգային նորմերի, խաղաղության և անվտանգության, ինչպես նաև մարդկանց կյանքի նկատմամբ հարգանքի բացակայության մասին:

Բրյուսելում դաշինքի պատվիրակների հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենն ասել է, թե իրավիճակի խորացում չի սպասվում:

Ռասմուսենն ասել է նաև, թե ակնկալում է, որ Սիրիան «կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը»` նման իրադարձություններից ապագայում խուսափելու նպատակով:

Այս հանդիպումը հրավիրվել է Թուրքիայի պահանջով` հիմք ընդունելով ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի այն հոդվածը, որը թույլ է տալիս դաշինքի անդամներին պահանջել խորհրդակցությունների անցկացումն այն դեպքում, եթե, դաշինքի անդամների կարծիքով, իրենց անվտանգությունը վտանգ է սպառնում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այսօր հանդես գալով երկրի խորհրդարանում նշել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի հարձակմանը չարձագանքելը չպետք է ընդունվի որպես թուլության նշան:

«Սիրիան հստակ վտանգ է դարձել Թուրքիայի համար, և սիրիական կողմից Թուրքիայի սահմանին մոտեցող ռազմական բոլոր տարրերն այսուհանդերձ վտանգ են համարվելու», - ասել է Էրդողանը` հավելելով որ ճգնաժամի հետևանքով թուրքական բանակը փոխում է զենքի կիրառման կանոնները:
Էրդողանն ասել է, թե «Թուրքական բանակը վրեժխնդիր է լինելու Սիրիայի կողմից սահմանը խախտելու համար»: Նա ընդգծել է նաև, որ ռազմական օդանավը խփվել է միջազգային օդային տարածքում և ընկել Սիրիայի տարածքային ջրերում:

Սիրիայի զինված ուժերի կողմից թուրքական ռազմական օդանավը խփելու կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության խոսնակ Վիկտորիա Նուլանդը:

Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե ինչպիսին է ԱՄՆ-ի արձագանքն այս միջադեպին, Նուլանդ ասել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է Թուրքիայի հետ խորհրդակցությունների անցկացումը՝ միջադեպի կապակցությամբ վերջինիս կարծիքի և ձեռնարկվելիք հետագա քայլերի մասին տեղեկանալու նպատակով:

«Այս օդանավին չեն նախազգուշացրել: Այն պարզապես խփվել է: Եվ սա ըստ էության նշանակում է, որ նման դեպքերի համար նախատեսված միջազգային նորմերը չեն պահպանվել», - ընդգծել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը:
XS
SM
MD
LG