Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն չի բացառում Արևելյան Եվրոպայում մշտական ռազմակայանների ստեղծումը


ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Դագլաս Լյութի համաձայն, դաշինքի արտգործնախարարները, այդ թվում՝ ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին, քննարկելու են լրացուցիչ միջոցները, որոնք պետք է նվազեցնեն դաշինքի արևելաեվրոպական անդամների մտահոգությունը

ՆԱՏՕ-ն երեքշաբթի օրը կքննարկի Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմամբ մտահոգված դաշինքի անդամ արևելաեվրոպական պետությունների անվտանգության ամրապնդման, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին օժանդակություն տրամադրելուն ուղղված նոր միջոցները:

Դիվանագետների խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարները քննարկելու են մի շարք տարբերակներ՝ սկսած առավել ակտիվ զորավարժություններ անցկացնելուց և արևելաեվրոպական պետություններում ռազմական լրացուցիչ ստորաբաժանումներ տեղակայելուց մինչև դաշինքի անդամ արևելաեվրոպական պետություններում մշտական ռազմակայաններ ստեղծելը: ՆԱՏՕ-ի այս վերջին քայլը Մոսկվան, ըստ էության, սադրանք է համարելու:

Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների երեքշաբթի օրն անցկացվող հանդիպումը կդառնա նման առաջին հանդիպումը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Ղրիմի տարածաշրջանի բռնակցման ժամանակից, որը դարձել էր Սառը պատերազմի ավարտից հետո Արևմուտքի և Ռուսաստանի կողմից ամենալուրջ ճգնաժամի պատճառը:

Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները տեղեկացրել են, որ չեն նախատեսում օգտագործել ՆԱՏՕ-ի զինված ուժերը դաշինքի անդամ չհանդիսացող Ուկրաինայում: Նրանք միաժամանակ քայլեր են ձեռնարկում՝ հավաստիացնելու համար Արևելյան Եվրոպայում դաշինքի անհանգստացած անդամներին, մասնավորապես մերձբալթյան երկրներին, որ վերջիններս գտնվում են ՆԱՏՕ-ի պաշտպանության ներքո:

Այսպես, Միացյալ Նահանգներն ավելացրել է բալթյան պետությունների օդային տարածքի պաշտպանությունն իրականացնող ՆԱՏՕ-ի պարեկային ծառայության կազմում իր ռազմական օդանավերի թիվը և ընդլայնել Լեհաստանի ռազմաօդային ուժերի հետ ավելի վաղ նախատեսված զորավարժությունների ծրագիրը:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Դագլաս Լյութի համաձայն, դաշինքի արտգործնախարարները, այդ թվում՝ ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին, քննարկելու են լրացուցիչ միջոցները, որոնք պետք է նվազեցնեն դաշինքի արևելաեվրոպական անդամների մտահոգությունը:

«Նրանք խոսելու են այն մասին, թե ինչ կարելի է անել՝ ի լրումն արդեն իսկ ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների, այս միջոցառումներին կայունություն հաղորդելու ուղղությամբ, որպեսզի դրանք ժամանակավոր քայլեր չդառնան», - ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Լյութը:
XS
SM
MD
LG