Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի ղեկավարը զգուշացրել է կրճատումների վտանգի մասին


«Դիմում եմ կառավարություններին նախ և առաջ դիրքերը պահպանելու և կրճատումները դադարեցնելու կոչով»

ՆԱՏՕ-ի ղեկավարը բարձրաձայնել է մտահոգություններն այն մասին, թե ինչպես են դաշինքի որոշ անդամներ արձագանքում տնտեսական ծանր իրավիճակին՝ նշելով, որ նման արձագանքի արդյունքում վտանգի է ենթարկվում նրանց անվտանգությունը:

Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը զգուշացրել է, որ պաշտպանության ոլորտում կատարվող ծախսերի կրճատումը մտահոգիչ է:

«Դիմում եմ կառավարություններին նախ և առաջ դիրքերը պահպանելու և կրճատումները դադարեցնելու կոչով: Երկրորդը` ավելի արդյունավետ օգտագործեք արդեն իսկ ունեցած միջոցները՝ միջազգային համագործակցության մակարդակի բարձրացման միջոցով: Եվ երրորդը` տնտեսական վերականգնումից հետո կրկին սկսեք ավելացնել պաշտպանական ոլորտում կատարվող ներդրումները:

Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է հինգշաբթի օրը դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպմանն ընդառաջ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան նախօրեին վերահաստատել է, որ երկրի պաշտպանության նոր նախարարը ստիպված կլինի «գլուխ հանել նախարարության բյուջեում տիրող կատարյալ խառնաշփոթությունից»:

«Կրճատումների իրականացման դեպքում պաշտպանության ոլորտի ծրագրերին սպառնում է լուրջ խաթարում, ինչը զգալիորեն կնվազեցնի մեր մարտական պատրաստականությունը: Մենք արդեն սկսել ենք մշակել այս սցենարի պայմաններում գործելու վերաբերյալ լայնածավալ ծրագիր, սակայն հասկանալի է նաև, որ որևէ լավ տարբերակ պարզապես գոյություն չունի», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության ներկայիս նախարարը:

«Մենք ստիպված կլինենք մինչև 22 օր տևողությամբ արձակուրդ ուղարկել պաշտպանության նախարարության առնվազն 800 հազար քաղաքացիական աշխատողի: Նրանց սպառնում է աշխատավարձի մինչև 20 տոկոս կրճատում: Չե՞ք կարծում, որ դա ազդեցություն կգործի մեր տնտեսության վրա», - մատնանշել է Պանետան:
XS
SM
MD
LG