Մատչելի հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն»


«Հայաստանը կշարունակի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը՝ բացառապես խաղաղ միջոցներով»

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես եկավ Լոս-Անջելեսի հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում, որին ներկա էին Լոս-Անջելեսում հավատարմագրված դիվանագետներ, քաղաքագետներ, լրագրողներ, պետդեպարտամենտի ներկայացուցիչներ, լրագրողներ: Հանդիպումը վարում էր կենտրոնի նախագահ Թերի ՄըկՔարտին:


Հայաստանի արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանն հիմնական ուղղություններին, հայ-ամերիկյան հարաբերություններին և Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:


«Հայաստանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Արևելքի և արևմուտքի, հյուսիսի և հարավի երկրների հետ մեր հարաբերությունների խորացումն ու համագործակցության ոլորտների բազմազանեցումը մեր արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից են։ Մեր գործընկերների հետ հարաբերությունները կառուցելիս և զարգացնելիս մենք առաջնորդվում ենք այնպիսի սկզբունքներով ինչպիսիք են փոխադարձությունը, վստահությունը, բարի կամքը, փոխադարձ շահերի հարգանքը։ Այս սկզբունքներն են Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների, Միացյալ Նահանգների հետ մեր սերտ բարեկամական գործընկերության, Եվրոպական Միության հետ մեր ակտիվ փոխգործակցության, ինչպես նաև բազմաթիվ գործընկեր երկրների հետ առկա ամուր հարաբերությունների հիմքում», - ասել է Նալբանդյանը՝ ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը:


«Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձը։ Ավելի քան մեկ հարյուրամյակ ձգվող բարեկամությունը մեր երկու ժողովուրդների միջև, որտեղ ամերիկահայ համայնքն ունի առանձնահատուկ դերակատարություն, իրենց բնական արտացոլումն են ստացել միջպետական հարաբերությունների երկու տասնամյակների ընթացքում։ Մեր երկրների միջև առկա փոխադարձ վստահությունը մեր բարեկամական գործընկերության ընդլայնման լավագույն հիմնասյուներից է։ 20 տարի առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նշել է, որ ազատ, անկախ Հայաստանը, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները, դավանում է միևնույն արժեքները՝ ժողովրդավարություն, ազատություն, շուկայական տնտեսություն, մարդու իրավունքների պաշտպանություն: Այս 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգներն իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին։ Այսօր մարդասիրական աջակցությունը աստիճանաբար վերածվում է փոխշահավետ համագործակցության։
Մենք հուսով ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյա տարեդարձը ավելի լայն հեռանկարներ կբացի մեր երկկողմ հարաբերությունների համար», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին։


Իր ելույթում Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առկա իրավիճակը: Այդ առումով նա մասնավորապես ընդգծեց. «Հայաստանը կիսում է միջազգային հանրության դիրքորոշումը, որ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։


«Ադրբեջանը շարունակ վտանգում է տարածաշրջանային կայունությունը, ուժ կիրառելու իր սպառնալիքներով, ռազմատենչ հայտարարություններով, ռազմական բյուջեի բազմակի ավելացմամբ, շփման գծում սադրանքներով, հրադադարի խախտումներով, հայկական պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի սիստեմատիկ դրսևորումներով, Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և ընդհանրապես հայերի նկատմամբ ատելություն քարոզելով», - նշել է Նալբանդյանը. «Չնայած եռանախագահների՝ վերջին չորս տարիների գործադրած ջանքերին՝ 15 հանդիպում ամենաբարձր մակարդակով, տասնյակ նախարարական հանդիպումներ, համանախագահների մի քանի տասնյակ այցելություններ տարածաշրջան և բանակցություններում որոշակի առաջընթացի արձանագրում, անհնար է եղել բեկում արձանագրել հիմնախնդրի կարգավորման գործում, քանի որ ադրբեջանական կողմը մեկը մյուսի հետևից մերժել է միջնորդների կողմից ներկայացված բոլոր առաջարկությունները»։



«Ադրբեջանն ոչ միայն արհամարհում է միջազգային հանրության հորդորները այլև մշտապես նոր քայլեր է ձեռնարկում, որոնք կոպտորեն ոտնահարում են քաղաքակիրթ աշխարհի արժեքները», - շեշտել է Էդվարդ Նալբանդյանը՝ հիշեցնելով, որ նման վերջին դրսևորումն էր Ադրբեջանի կողմից մարդասպան Սաֆարովին ազատ արձակելն ու հերոսացնելը, որը շոկ առաջացրեց միջազգային հանրության մոտ։


Ըստ Հայաստանի արտգործնախարարի, «չկա ոչ մի միջազգային կազմակեպություն, ոչ մի պետություն, որի համար ընկալելի լինի Ադրբեջանի արարքը։ Միջազգային հանրության արձագանքը այս խայտառակ քայլին միաձայն էր և միանշանակ՝ Բաքվի կողմից կատարածի խիստ դատապարտում»:



«Պակաս շոկային չեն միջազգային հանրության մոտեցման վերաբերյալ Ադրբեջանից հնչող արձագանքները. Բաքուն պնդում է, որ ինչ որ արել է ճիշտ է արել», - նշում է Նալբանդյանը:


«Սաֆարովի խայտառակ գործարքը լուրջ վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման ջանքերին։ Սա ևս մի քայլ է Ադրբեջանի կողմից՝ ձախողելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը», - շեշտել է արտգործնախարարը։


«Չնայած Ադրբեջանի ապակառուցողական քայլերին, Հայաստանը կշարունակի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը՝ բացառապես խաղաղ միջոցներով՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա», - եզրափակել է Լոս-Անջելեսի հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում իր ունեցած ելույթը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
XS
SM
MD
LG