Մատչելի հղումներ

Նալբանդյանն ու Մամադյարովը Փարիզում հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին


Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ

Փարիզում հունվարի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտգործնախարարությունը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, հաղորդագրության համաձայն, սկզբում առանձին հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համախագահների հետ, որոնցից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։

«Հիմնվելով նոյեմբերի 19–ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա և ի շարունակություն դեկտեմբերի 5–ին Կիևում արտգործնախարարների հանդիպման` քննարկվեցին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ», - ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ըստ հաղորդագրության, համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատամամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունների վրա, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին:

«Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ դրանք նվազեցնում են հիմնախնդրի կարգավորման և խաղաղության հասնելու հեռանկարները և ակնհայտ արհամարհանք են եռանախագահ երկրների ղեկավարների կողմից բազմիցս արված կոչերին` ձեռնպահ մնալու հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել իրավիճակի էսկալացիայի: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչումը՝ որպես սադրանքների կանխարգելման հնարավոր մեխանիզմ», - եզրափակում է Փարիզում հունվարի 24-ին կայացած հանդիպման նվիրված պաշտոնական հաղորդագրությունը:
XS
SM
MD
LG