Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան «անգութ» պատերազմով է սպառնացել


Հյուսիսային Կորեան «պատասխան անգութ հարվածներ» և «ազգային վերամիավորմանն ուղղված մեծ և արդար պատերազմ» է խոստացել՝ ի պատասխան ՄԱԿ-ի պատժամիջոցների

Հյուսիսային Կորեայի իշխանությունները երեքշաբթի օրը նոր սպառնալիքներով են հանդես եկել՝ ուղղված Հարավային Կորեայի և նրա դաշնակիցների դեմ:

Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից տարածված հաղորդագրությունում ասվել է, որ Միավորված ազգերի կազմակերպության կողմից պատժամիջոցների վերջին ընդլայնումն այս երկիրը պատերազմական գործողությունների է հավասարեցնում:

Օգտագործելով նման հաղորդագրությունների համար արդեն սովորական դարձած սադրիչ արտահայտություններ՝ Հյուսիսային Կորեայի պաշտոնական Կենտրոնական լրատվական գործակալությունը «պատասխան անգութ հարվածներ» և «ազգային վերամիավորմանն ուղղված մեծ և արդար պատերազմ» է խոստացել՝ ի պատասխան պատժամիջոցների:

Այս հայտարարությունում սակայն անդրադարձ չի կատարվել միջուկային փորձարկումներին, որոնք Հյուսիսային Կորեան հիշատակել է անցյալ շաբաթ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված նոր պատժամիջոցներին ի պատասխան արված սպառանալիքներում:

Հարավային Կորեայի արտգործնախարարությունը երեքշաբթի օրը կրկին խիստ քննադատության է ենթարկել միջուկային փորձարկման անցկացման վտանգը՝ հորդորելով կոմունիստ իր հարևանին «ականջ դնել միջազգային հանրության շարունակվող զգուշացումներին և լրացուցիչ սադրանքներ չգործել»:

Սեուլը երեքշաբթի օրը հայտնել է նաև Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկման հարթակի մոնիթորինգն իրականացնելու նպատակով մասնագետների հատուկ խումբ ստեղծելու մասին: Արբանյակային վերջին նկարները վկայում են այն մասին, որ փորձարկման հարթակում նկատվում է աշխատանքների ակտիվացում, և Հարավային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ միջուկային փորձարկումը կարող է իրականացվել ցանկացած ժամանակ:
XS
SM
MD
LG