Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան արձագանքել է ՄԱԿ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցների


Փխենյանն ակնարկել է միջուկային երրորդ փորձարկումն իրականացնելու հնարավորությունը

Հյուսիսային Կորեան արագ արձագանքել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի կողմից իր նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ընդունված որոշման:

Երկրի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը, պատժամիջոցների մասին նոր բանաձև ընդունելով, գործել է որպես «Միացյալ Նահանգների խամաճիկ»:

Նախարարությունը «ինքնախաբեություն և երկարի ստանդարտների գագաթնակետ» է անվանել ՄԱԿ-ի կողմից նոր պատժամիջոցներ սահմանող բանաձևի ընդունումը:

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվել է, որ երկիրը կշարունակի արբանյակներ արձակել՝ «համաշխարհային մակարդակի տիեզերական տիրություն դառնալու նպատակով»:

Հայտարարության մեջ ասվել է նաև, որ Հյուսիսային Կորեան հերքում է ապամիջուկայնացման շուրջ հետագա որևէ երկխոսության անցկացումն ու միջոցներ կձեռնարկի՝ իր զինված ուժերի ինքնապաշտպանական կարողությունների, ներառյալ «միջուկային զսպման» հնարավորությունների, բարձրացման ուղղությամբ:

Նման հայտարարությունը մեկնաբանվում է որպես նշան, որ աղքատ և մեկուսացված այս երկիրը նախատեսում է միջուկային երրորդ փորձարկում իրականացնել:

Հարավային Կորեայի Միավորման նախարարության խոսնակը, արձագանքելով Փխենյանի հայտարարությանը, ասել է, թե իր կառավարությունը «ափսոսանք» է արտահայտել Հյուսիսային Կորեայի հայտարարության կապակցությամբ: Նա ասել է նաև, որ Փխենյանը պետք է դադարեցնի միջուկային հանրությանը լրացուցիչ սադրանքների իրականացմամբ սպառնալն ու հստակ քայլեր ձեռնարկի՝ ապամիջուկայնացման ուղղությամբ:
XS
SM
MD
LG