Մատչելի հղումներ

«Զրոյական կետի» մոտակայքում մզկիթ կառուցելու նախագիծը դարձել է դատական գործ հարուցելու պատճառ


2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների վայրի մոտակայքում մզկիթ կառուցելու թույլտվության մասին Նյու Յորքի պաշտոնյաների որոշումը վիճարկվելու է դատական կարգով:

Չորեքշաբթի օրը «Իրավունքի և արդարադատության ամերիկյան կենտրոն» պահպանողական իրավապաշտպան խումբը հայցով դիմել է դատարան: Խումբը վիճարկում է մզկիթ կառուցելու համար տարածք ազատելու նպատակով մոտակայքում գտնվող շենքը քանդելու որոշումը:

Շենքը 1850-ականների կառույց է, և խումբը պնդում է, որ այն անհրաժեշտ է պահպանել` հիմք ընդունելով դրա պատմական հուշարձանի կարգավիճակը:

Խումբը նույնպես պնդում է, որ անտեղի է մզկիթ կառուցել այն վայրում, ուր մինչև Ալ-Քաիդա կազմակերպության ահաբեկիչների կողմից երկու ինքնաթիռով կատարած հարձակումը գտնվում էին Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակները:

Ամերիկացիներից շատերի կարծիքով, «զրոյական կետ» անվամբ հայտնի տարածքին չափազանց մոտ մզկիթ կառուցելն անհարգալից վերաբերմունք է մահմեդական ահաբեկչական հարձակումների զոհերի նկատմամբ: Սակայն նախագծի աջակիցները, որոնցից մեկն է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, կարծում են, որ դա կօգնի հաղթահարել Արևմուտքի և մահմեդական աշխարհի միջև եղած տարաձայնությունները:

XS
SM
MD
LG