Մատչելի հղումներ

«Մոսկվա, 12 հունիսի` առանց սադրանքների և առաջնորդների»


«Մոսկվայում անցկացվել է «Միլիոնների երթը», որին չկարողացան մասնակցել երթի որոշ կազմակերպիչներ: Ընդդիմության առաջնորդներ Ալեքսեյ Նավալինին, Իլյա Յաշինը, ինչպես նաև Քսենիա Սոբչակը հունիսի 12-ին ցույցին մասնակցելու փոխարեն պատասխանել են Ռուսաստանի հետաքննչական հանձնաժողովի քննիչների հարցերին»:

Այս մասին Մոսկվայից հաղորդել է «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Ռոման Օշարովը, որի համաձայն Ռուսաստանի հետաքննչական հանձնաժողով պետք էր ներկայանալ նաև երկրի ընդդիմության մեկ այլ առաջնորդ` «Ձախ Ճակատ»-ի համակարգող Սերգեյ Ուդալցովը, սակայն վերջինս իր փաստաբան Վիոլետա Վոլկովայի միջոցով հայտնել էր քննիչներին, թե պետք է զբաղվեր երթի և Սախարովի հրապարակում կայացած ցույցի ընթացքում անվտանգության ապահովմամբ:

Ուդալցովը ցույցի ավարտից հետո այնուամենայնիվ ուղևորվել էր Հետաքննչական հանձնաժողով` որպես տրանսպորտային միջոց ընտրելով մետրոն:

Ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցներն մտահոգված են եղել, որ կառավարության կողմնակից ուժային շարժումները ակցիաների ընթացքում կարող էին դիմել սադրանքների, սակայն երթերի և ցույցի ընթացքում սադրանք չի գրանցվել:

Ռուսաստանի ոստիկանության համաձայն, Մոսկվայի Ակադեմիկոս Սախարովի պողոտայում անցկացված ցույցի մասնակիցների թիվը կազմել է 15 հազար մարդ: Ոստիկանությունը նշել է, որ ցույցի ընթացքը լուսանկարվել է ուղղաթիռից` պնդելով, որ երկրի ներքին գործերի նախարարությունը միշտ ճշգրիտ է գնահատել ցույցերի մասնակիցների թվի գնահատականը:

«Ձախ Ճակատ»-ի համակարգող Սերգեյ Ուդալցովի գնահատականների համաձայն սակայն, ցույցին մասնակցել է մոտ 100 մարդ, իսկ Ռուսաստանի նախկին վարչապետ Միխաիլ Կասյանովը որևէ հստակ թիվ չի ներկայացրել` պարզապես նշելով, որ Սախարովի պողոտայում ցույցի մասնակիցների թիվը զգալիորեն գերազանցել է մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում անցկացված ցույցի մասնակիցների թիվը:

XS
SM
MD
LG