Մատչելի հղումներ

Եգիպտոսում բախվել են Մորսիի և զինված ուժերի կողմնակիցները


Եգիպտոսի ժամանակավոր կառավարության կողմնակիցները քարեր և շշեր են նետել Մորսիի կողմնակիցների ուղղությամբ, որից հետո ոստիկանության ուժերն արցունքաբեր գազ են կիրառել ցույցի մասնակիցների նկատմամբ

Կահիրեում երեքշաբթի օրը տեղի են ունեցել բախումներ, որոնց ընթացքում Եգիպտոսի ներքին գործերի ուղղությամբ երթով անցնող տապալված նախագահ Մոհամեդ Մորսիի կողմնակիցների վրա հարձակում են գործել երկրի զինված ուժերի օժանդակությամբ ստեղծված ժամանակավոր կառավարության կողմնակիցները:

Եգիպտոսի ժամանակավոր կառավարության կողմնակիցները շենքերի պատշգամբներից քարեր և շշեր են նետել Մորսիի կողմնակիցների ուղղությամբ, որից հետո ոստիկանության ուժերն արցունքաբեր գազ են կիրառել ցույցի մասնակիցների նկատմամբ:

Մորսիին ի սատար անցկացվող ցույցի մի քանի հազար մասնակիցները ծաղրանքի են ենթարկվել տեղի բնակիչների կողմից, որոնք վերջիններիս «ահաբեկիչ» են անվանել և ասել, որ նրանք պետք է հեռանան: Դրանից հետո Մորսիի կողմնակիցների ուղղությամբ նետվել են քարեր և շշեր: Տապալված նախագահի կողմնակիցները նույնպես դիմել են նման գործողությունների:

Բախումները բռնկվելուց հետո Մորսիին նախագահի պաշտոնում վերականգնել պահանջող ցուցարարների շարքերից հապճեպ հեռացել են սարսափահար եղած կանայք և երեխաները:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի դատական իշխանությունները նախօրեին հայտնել են Մորսիի ազատազրկումը ևս 15 օրով երկարաձգելու մասին՝ հետաքննելու համար այն մեղադրանքները, որոնց համաձայն Մորսիին և այլ իսլամիստներին 2011 թվականին բանտից փախուստ կատարելու մեջ օգնություն է ցուցաբերել պաղեստինցի զինյալների «Համաս» խմբավորումը:
XS
SM
MD
LG