Վաշինգտոնում երկուշաբթի օրը մեկնարկել է ամերիկացի իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգի հիշատակին կառուցված հուշահամալիրի հասարակական ցուցադրումը` գալիք կիրակի օրը պաշտոնական բացման արարողությանն ընդառաջ:
Քինքի հուշահամալիրը գտնվում է Վաշինգտոնի ազգային զբոսավայրում` Թոմաս Ջեֆերսոն և Աբրահամ Լինքոլն նախագահներին նվիրված հուշահամալիրների միջև: Իրավապաշտպանին նվիրված այս հուշահամալիրը լինելու է ազգային զբոսավայրում գտնվող առաջին հուշահամալիրը, որը նվիրված չէ նախագահի կամ պատերազմի:
Քաղաքացիական շարժման առաջնորդի 9-մետրանոց հուշարձանից և իր աշխատանքներից մեջբերումներով պատված գրանիտե երկար պատերից կազմված հուշահամալիրը պաշտոնապես բացվելու է գալիք կիրակի օրը նշվող «Երթ դեպի Վաշինգտոն» ակցիայի և պատվելի Քինգի «Ես երազանք ունեմ» ելույթի 48-րդ տարելիցի օրը:
Բացման արարողությանը ելույթ կունենա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգի հիշատակին կառուցված հուշահամալիրը գտվում է «1964 Independence Avenue» հասցեով, որը նշանավորում է այն տարին, երբ նախագահ Լինդոն Ջոնսոնը ստարգրել է ԱՄՆ-ի «Քաղաքացիական իրավունքների մասին» օրենքը:
Քինգին նվիրված հուշարձանը Ազգային զբոսավայրում երկու տասնամյակների ընթացքում իրականացված վերջին լրացումն է: Մինչ այդ, 1995 թվականին այնտեղ կառուցվել է Կորեական պատերազմին, 1997 թվականին` նախագահ Ֆրանկլին Ռուզվելթի հիշատակին նվիրված հուշահամալիրները, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշահամալիրը հանրության այցելության համար բացվել է 2004 թվականին: