Մատչելի հղումներ

Իսլամիստ զինյալներն Իրաքում գրավել են ևս մեկ քաղաք


Միացյալ Նահանգներն ամրապնդում է Բաղդադում դեսպանության անվտանգությունը

Իրաքի պաշտոնյաների համաձայն, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են երկրի հյուսիսային Թալ Աֆար քաղաքը:

Միացյալ Նահանգներն այս ընթացքում մոտ 100 զինծառայող և ծովային հետևակային է ավելացնում Բաղդադում գտնվող դեսպանատան անվտանգությունն ամրապնդելու նպատակով: Դեսպանատան բազմաթիվ աշխատողներ տեղափոխվել են Իրաքի Բասրա և Իբրիլ քաղաքներում, ինչպես նաև Հորդանանի Ամման մայրաքաղաքում գտնվող ամերիկյան հաստատություններ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրին նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Միացյալ Արաբական Էմիրությունների իր գործընկերների հետ՝ քննարկելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից ներկայացվող վտանգից պաշտպանվելու նպատակով Իրաքի և Սիրիայի ժողովուրդներին օժանդակություն ցուցաբերելուն ուղղված քայլերը:

Արտգործնախարարները, բացի այդ, քննարկել են Իրաքի կառավարության կողմից երկիրն առաջ տանելու համար անհրաժեշտ «համակարգված և արդյունավետ մոտեցում» իրականացնելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակ, փոխծովակալ Ջոն Քերբին ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելի հրամանով Պարսից ծոց է ուղևորվել Միացյալ Նահանգների ռազմական նավատորմի «Ջորջ Բուշ» ավիակիրը:

Փոխծովակալ Քերբիի համաձայն, այս քայլը նախատեսված է՝ ապահովելու համար ճկունություն այն դեպքում, եթե անհրաժեշտ լինի պաշտպանել Իրաքում ներկա ամերիկացիներին:

«Ջորջ Բուշ» ավիակիրը Պարսից ծոց է ուղևորվել հրթիռային հածանավի և հրթիռային ուղեկցությամբ:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին շաբաթ օրը հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն իր երկիրը պատրաստ է օգնել Իրաքին՝ վերջինիս խնդրանքի դեպքում, և կարող է նախատեսել աշխատանքը Թեհրանի երկարատև հակառակորդ Միացյալ Նահանգների հետ՝ սունի ծայրահեղականների դեմ պայքար մղելու գործում, եթե Վաշինգտոնը նախատեսի վճռական գործողությունների դիմել վերջիններիս դեմ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրն ասել էր, որ Միացյալ Նահանգներն «իր դերը կունենա» Իրաքի կողմից այս երկրում ակտիվ գործողություններ իրականացնող իսլամիստ զինյալների դեմն առնելու գործում՝ նշելով սակայն, որ ԱՄՆ-ի զինծառայողներ Իրաք չեն ուղարկվի:
XS
SM
MD
LG