Մատչելի հղումներ

Վաշինգտոնում այսօր կվերսկսվեն բանակցությունները Իսրայելի և պաղեստինցիների միջև


ԱՄՆ-ի արտգործնախարար Քերին շնորհակալություն է հայտնել պաղեստինցիների և Իսրայելի ղեկավարներին այս հանդիպումը կազմակերպելու համար պահանջվող «դժվարին որոշումներ» կայացնելու պատրաստակամություն ցուցաբերելու համար

Իսրայելի և պաղեստինցիների բանագնացները երկուշաբթի օրը կհանդիպեն Վաշինգտոնում՝ անցկացնելու համար նախնական բանակցություններ արդեն գրեթե երեք տարի փակուղու մեջ գտնվող խաղաղության բանակցությունները վերսկսելու շուրջ:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին երկուշաբթի երեկոյան կայանալիք իֆթարի ճաշկերույթի ընթացքում կընդունի Իսրայելի գլխավոր բանագնաց Ցիպի Լիվինին և նրա պաղեստինցիների գործընկեր Սաեբ Էրեքաթին՝ քննարկումը մեկնարկելու նպատակով: Երկու կողմերը կշարունակեն քննարկումը երեքշաբթի օրը:

Արտգործնախարար Քերին շնորհակալություն է հայտնել պաղեստինցիների և Իսրայելի ղեկավարներին այս հանդիպումը կազմակերպելու համար պահանջվող «դժվարին որոշումներ» կայացնելու պատրաստակամություն ցուցաբերելու համար:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախօրեին կարողացել է հաղթահարել երկրի նախարարների խորհրդի ընդդիմությունը պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման հարցում:

Պաղեստինցի 104 բանտարկյալ ազատ արձակումը կիրականացվի չորս փուլով: Իսրայելի գլխավոր բանագնացը ասել է սակայն, թե պաղեստինցի բանտարկյալներն ազատ կարձակվեն միայն այն դեպքում, եթե «բանակցությունների ընթացքում պաղեստինցիները կապացուցեն, որ լուրջ գործընկեր են»:

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասն իր հերթին ասել է, որ Իսրայելը պետք է ազատ արձակի արդեն երկար ժամանակ ազատազրկման մեջ գտնվող բանտարկյալներին՝ բանակցությունները շարունակելու համար:

Բանտարկյալներին, որոնց թվում են գրեթե մեկ տասնամյակ առաջ Իսրայելի խաղաղ բնակիչների և անվտանգության ուժերի ուղղությամբ ահաբեկչական հարձակումներ իրականացրած անձինք, ազատ արձակելու մասին որոշումն առաջացրել էր Իսրայելի նախարարների խորհրդի ազգայնական անդամների ընդդիմությունը: Նրանց համաձայն, նման քայլը կդառնա «պարգևատրում ահաբեկչության համար»:

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն սակայն ասել է, որ բանտարկյալներին ազատ արձակելու մասին որոշում կայացնելը դժվար է եղել իր և ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքների համար, սակայն անհրաժեշտ՝ խաղաղության գործընթացը վերսկսելու նպատակով:
XS
SM
MD
LG