Մատչելի հղումներ

Գերմանիայի կանցլերը պահանջել է ԱՄՆ-ից լրտեսությունից հրաժարվելու համաձայնագիր ստորագրել


Անգելա Մերքելը պահանջել է, որ Միացյալ Նահանգները մինչև տարեվերջ Բեռլինի և Փարիզի հետ կնքի միմյանց նկատմամբ լրտեսական գործունեությունից հրաժարվելու մասին համաձայնագրեր

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը պահանջել է, որ Միացյալ Նահանգները մինչև տարեվերջ Բեռլինի և Փարիզի հետ կնքի միմյանց նկատմամբ լրտեսական գործունեությունից հրաժարվելու մասին համաձայնագրեր:

Անգելա Մերքելի համաձայն, պետք է վերջ դրվի Վաշինգտոնի կողմից իր ամենամոտ երկու դաշնակցի նկատմամբ իրականացվող լրտեսական գործունեությանը:

Այս հայտարարությամբ Գերմանիայի կանցլերը հանդես է եկել Եվրոպական Միության անդամ պետությունների առաջնորդների գագաթաժողովից հետո, որի ընթացքում զգալի տեղ են զբաղեցրել մեղադրանքներն ԱՄՆ-ի ԱԱԳ-ի հասցեին, որը իբր իրականացրել է Ֆրանսիայի քաղաքացիների տասնյակ հազարավոր հեռախոսազրույցների, ինչպես նաև Գերմանիայի կանցլերի բջջային հեռախոսով կատարվող զանգերի գաղտնալսում:

Կանցլեր Մերքելի հայտարարության համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պետք է ոչ միայն ներողություն խնդրի, այլ հստակ գործողություններ ձեռնարկի: Ըստ նրա, Գերմանիան ու Ֆրանսիան պնդելու են, որ Միացյալ Նահանգները «փոխըմբռնում» դրսևորի այս պետությունների հետախուզական ծառայությունների համագործակցության հարցում:

«Դա նշանակում է, որ պետք է ստեղծվի հիմք՝ համապատասխան հետախուզական ծառայությունների միջև համագործակցություն հաստատելու համար: Գերմանիան և Ֆրանսիան այս հարցում ստանձնել են առաջնորդությունը, որը կարող են սատարել Եվրամիության անդամ այլ պետություններ», - ասել է Մերքելը:

Եվրամիության անդամ պետությունների առաջնորդների գագաթաժողովին հաջորդած հայտարարության մեջ ԵՄ-ի պետությունների առաջնորդներն զորակցություն են հայտնել Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից մշակված ծրագրին:
XS
SM
MD
LG