Մատչելի հղումներ

Մերքել. Ճգնաժամն Ուկրաինայում կարող է «լայնածավալ» վնասներ հասցնել Ռուսաստանին


Կանցրել Մերքելն ասել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը «քննարկման ենթակա չէ»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի համաձայն, Ռուսաստանը կանգնած է քաղաքական և տնտեսական լայնածավալ վնասներ կրելու վտանգի առջև այն դեպքում, եթե չփոխի Ուկրաինայում ծավալված ճգնաժամի նկատմամբ ընտրած իր ուղին:

Հանդես գալով Գերմանիայի խորհրդարանի առջև՝ կանցրել Մերքելն ասել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը «քննարկման ենթակա չէ»:

Ուկրաինայի շուրջ «Մեծ յոթնյակ»-ը նախօրեին հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է, որ «Յոթնյակ»-ի պետությունները՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, հորդորում են Ռուսաստանին դադարեցնել Ղրիմի կարգավիճակը փոփոխելուն ուղղված ջանքերը:

Հայտարարության մեջ նման գործողությունները «Ուկրաինայի և միջազգային օրենքի խախտում» են որակվել:

«Նման ցանկացած հանրաքվե չի կարող իրավաբանական ուժ ունենալ», - նշված է փաստաթղթում: - «Հաշվի առնելով համապատասխան նախապատրաստման և Ռուսաստանի զինված ուժերի միջոցով ահաբեկումը՝ այս գործընթացը խորապես սխալ կդառնա և բարոյական ուժ չի ունենա: Այդ պատճառով մենք չենք ընդունում դրա արդյունքները»:

«Մեծ յոթնյակ»-ի հայտարարության մեջ ասված է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմն իր տարածքին բռնակցելը կդառնա ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, Ուկրաինայի հետ բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին 1997 թվականի պայմանագրի և 1994 թվականի Բուդապեշտի հուշագրի ներքո Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների ուղղակի խախտում:

Փաստաթղթում նշված է, որ Մոսկվային կողմից իրականացվող գործողությունները «լուրջ հետևանքներ կունենան բոլոր պետությունների ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանող իրավակարգի համար»:

Ռուսաստանի կողմից Ղրիմում և Ուկրաինայի այլ տարածաշրջաններում իրավիճակի սրման նվազեցմանն ուղղված քայլեր չձեռնարկելու դեպքում «Մեծ յոթնյակ»-ը նախատեսում է դիմել ինչպես առանձին, այնպես էլ միասնական հետագա քայլերի:
XS
SM
MD
LG