Մատչելի հղումներ

Կայացել է Հայաստանի արտգործնախարարի ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը


Meeting_Nalbandyan_Zannier
Meeting_Nalbandyan_Zannier

«Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է, որ արցախյան հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում՝ գործող բանակցային ձևաչափի շրջանակներում»

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 12-ին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ Հայաստանը աջակցում է ԵԱՀԿ-ի բարեփոխումների գործընթացին և այն նախաձեռնություններին, որոնց նպատակն է կազմակերպության արդյունավետության և հեղինակության բարձրացումը:


ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին իր հերթին վստահեցրել է, որ կազմակերպությունը շարունակելու է իր գործունեությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության մթնոլորտի ապահովման գործում:


Ըստ հաղորդագրության, զրուցակիցները գոհունակություն հայտնեցին ԵԱՀԿ-ը երևանյան գրասենյակի արդյունավետ գործունեության կապակցությամբ՝ նշելով, որ այն զգալի ներդրում ունի Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացում:


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը անդրադարձել են Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ու արդյունքներին: Այս ենթատեքստում ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ ընթացք են ունեցել և արժանացել են միջազգային դիտորդների համապատասխան դրական գնահատականի, և հույս է հայտնել, որ դիտորդների առաջարկությունները հաշվի կառնվեն ու լրացուցիչ խթան կհանդիսանան հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների առավել բարձր մակարդակով անցկացման համար:


Բանակցությունների օրակարգում էր արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս առումով երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում՝ գործող բանակցային ձևաչափի շրջանակներում: ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին և կողմերի միջև վստահության ամրապնդման ուղղված նրանց նախաձեռնություններին:
XS
SM
MD
LG