Մատչելի հղումներ

Ուժեղ ձյունամրրիկ՝ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում


ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում գտնվող Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում հայտարարվել է արտակարգ իրավիճակ

ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում գտնվող Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում հայտարարվել է արտակարգ իրավիճակ այն բանից հետո, երբ երկրի կենտրոնական մասից այս տարածաշրջան տեղափոխված ձմեռային մրրիկը դարձել է առատ տեղումների և օդի ջերմաստիճանի կտրուկ նվազեցման պատճառը:

Մասաչուսեթս նահանգում 2014 թվականի առաջին ուժգին մրրիկը դարձել է ձյան տեսքով մոտ 45 սանտիմետր տեղումների պատճառը: Նահանգ ներխուժել է արկտիկական օդը, Բոստոնում սպասվում են քամիներ՝ մինչև ժամում 80 կիլոմետր ուժգնությամբ:

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն հրամանագիր է արձակել, որի համաձայն նահանգում կեսգիշերից մինչև վաղ առավոտյան դադարեցվել է ուղևորությունը նահանգի հիմնական մայրուղիներով:

Ձնամրրիկի պատճառով տարածաշրջանում դադարեցվել են հարյուրավոր թռիչքներ:

Այս ընթացքում Միացյալ Նահանգների Միջին Արևմուտքի հյուսիսային նահանգներում պահպանվում է ցրտաշունչ եղանակը: Հյուսիսային և Հարավային Դակոտա, Մինեսոտա, Վիսկոնսին, Իլինոյս նահանգի հյուսիսում, Այովա և Միչիգան նահանգներում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև մինուս 41 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի:
XS
SM
MD
LG