Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ի հյուպատոսության վրա կատարված հարձակումը ծրագրված էր». Լիբիայի նախագահ


Libya
Libya

Լիբիայի նախագահն ասել է, թե հարձակումը որևէ կապ չունի հակաիսլամական կինոնկարի դեմ ուղղված բողոքի ցույցերի հետ

Լիբիայի նախագահն ասել է, որ երկրի Բենգազի քաղաքում գտնվող Միացյալ Նահանգների հյուպատոսության ուղղությամբ իրականացված հարձակումը, որի զոհ է գնացել ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Ստիվենսն ու Միացյալ Նահանգների դիվանագիտական կորպուսի երեք աշխատող, «ահաբեկիչների կողմից ծրագրված հարձակում» է եղել:

Ամերիկյան «Էն-Բի-Սի Նյուզ» հեռուստաընկերությանը չորեքշաբթի օրը տված հարցազրույցում նախագահ Մոհամմեդ էլ-Մագարիֆն ասել է, որ այդ հարձակումը որևէ կապ չունի հակաիսլամական կինոնկարի դեմ ուղղված բողոքի ցույցերի հետ:

«Այս իրականացվել է բարձր ճշգրտությամբ, ինչը վկայում է այն մասին, որ գրոհայինները պատրաստ են թիրախներ խոցելու, հարձակում իրականացնելու համար», - ասել է Լիբիայի նախագահը:

ԱՄՆ-ը ահաբեկչական արարք է որակել այս ամսվա սկզբին Բենգազի քաղաքում գտնվող Միացյալ Նահանգների հյուպատոսության ուղղությամբ իրականացված հարձակումը, որի պատճառով զոհվել է Լիբիայում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստոֆեր Ստիվենսը և ամերիկացի ևս երեք դիվանագետ: Ահաբեկչական այս հարձակումը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների վրա 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչական հարձակման 11-րդ տարելիցի օրը:

Բենգազի քաղաքում Միացյալ Նահանգների դեսպանության ուղղությամբ հարձակումն իրականցվել է այն ժամանակ, երբ հազարավոր մահմեդականներ իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ Միացյալ Նահանգներում նկարահանված հակամահմեդական կինոնկարի:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեքշաբթի օրն իր ունեցած ելույթի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «կոպիտ և գարշելի» է անվանել այդ տեսահոլովակը՝ միաժամանակ նշելով, որ որևէ տեսանյութ չի կարող արդարացնել դիվանագիտական ներկայացուցչության դեմ ուղղված հարձակումը:

Նախագահ Օբաման խոստացել է, որ Միացյալ Նահանգները ջանք չի խնայի ԱՄՆ-ի դեսպանի և երեք դիվանագետների սպանությունն իրականացրած անձանց գտնելու և պատասխանատվության ենթարկելու համար:
XS
SM
MD
LG