Մատչելի հղումներ

Ալ-Լիբին կկանգնի Նյու Յորքի դատարանի առջև


Ալ-Լիբիին կներկայացվեն Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում և Տանզանիայի մայրաքաղաք Դար էս-Սալամում ԱՄՆ-ի դեսպանությունների ուղղությամբ 1998 թվականին ռմբակոծություններ իրականացնելու մեղադրանքներ

Ահաբեկչական գործունեության իրականացման մեջ մեղադրվող Աբու Անաս ալ-Լիբին երեքշաբթի օրը կկանգնի Նյու Յորքի դատարանի առջև, որտեղ նրան կներկայացվեն Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում և Տանզանիայի մայրաքաղաք Դար էս-Սալամում ԱՄՆ-ի դեսպանությունների ուղղությամբ 1998 թվականին ռմբակոծություններ իրականացնելու մեղադրանքներ:

Այս հարձակումների հետևանքով զոհվել էր ավելի քան 200, վնասվածքներ ստացել մի քանի հազար մարդ:

ԱՄՆ-ի իրավապահ մարմիններն ալ-Լիբիին Նյու Յորք էին տեղափոխել նախօրեին:

Միացյալ Նահանգների հատուկ ստորաբաժանումներին հաջողվել էր ձերբակալել «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող Աբու Անաս ալ-Լիբիին, որի իսկական անունը Նազիհ Աբդուլ-Համեդ ալ-Ռուքաի է, այս տարվա հոկտեմբերի 5-ին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում իրականացված հատուկ գործողության իրականացման արդյունքում, որից հետո վերջինս պահվում էր ԱՄՆ-ի ռազմական նավերից մեկի վրա:

Ալ-Լիբին ԱՄՆ-ի ՀԴԲ-ի կողմից ամենաորոնվող ահաբեկիչների ցանկում է եղել, սակայն վերջինիս ընտանիքը հերքում է «ալ-Քաիդա»-ի հետ նրա որևէ կապեր ունենալու հանգամանքը:
XS
SM
MD
LG