Մատչելի հղումներ

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի օդուժը սկսեցին գրոհ ընդդեմ Լիբիայի կառավարական ուժերի


Ֆրանսիայի և ԱՄՆ-ի օդուժը սկսեցին գրոհ ընդդեմ Լիբիայի կառավարական ուժերի

Ֆրանսիայի ռազմաօդանավերը շաբաթ օրն առաջին հարվածը հասցրեցին Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերին` այսպիսիվ սկսելով Իրաքի պատերազմից հետո միջազգային առաջին լայնածավալ ռազմական գործողությունները:

Ավելի ուշ ռազմական գործողություններին միացան ամերիկյան ուժերը` հարվածներն ուղղելով Միջերկրական ծովում գտնվող Լիբիայի ծովային ուժերի դեմ: ԱՄՆ-ի բանակային ուժերի հրամանատարների խոսքերով, գործողությունները զարգանալու են փուլ առ փուլ՝ ավելի ուշ ուղղվելով ընդդեմ մայրաքաղաք Տրիպոլիի մոտ տեղակայված օդային ուժերի:

Բրազիլիայում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին Արևմուտքի համար, բացի ռազմական գործողությունների դիմելուց, այլ ընտրություն չի թողել։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Լոնդոնում ասել է, որ Քադաֆիի դեմ պատժամիջոցները «անհրաժեշտ, օրինական և պատշաճ» են։

Մինչ այդ Լիբիայի կառավարությանը հավատարիմ ուժերը շարունակում էին առաջխաղացումը ապստամբների հենակետ դարձած Բենգազիի վրա` խախտելով Քադաֆիի կողմից ուրբաթ օրը հայտարարված զինադադարը։

ՄԱԿ-ի, Եվրամիության, արաբական և արևմտյան պետությունների ներկայացուցիչները շաբաթ օրը Փարիզում մեկնարկել էին Լիբիայում ճգնաժամային իրավիճակին նվիրված գագաթաժողովը, որն անցկացվում է՝ հետևելով Լիբիայի վրա թռիչքազերծ գոտի ստեղծելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևին:

Բանաձևով Լիբիայի քաղաքացիական անձանց պաշտպանության նպատակով միջազգային հանրությանը թույլատրվել է գործողություններ ձեռնարկել Քադաֆիի ուժերի դեմ։

Փարիզում շաբաթ օրն անցկացված արտակարգ հանդիպման ժամանակ մասնակից բոլոր 22 անդամ պատությունների ներկայացուցիչները համաձայնվել են անել ամեն ինչ, որպեսզի Քադաֆին հարգի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հինգշաբթի օրն ընդունված որոշումը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG