Մատչելի հղումներ

Պուտինը «բարի ախորժակ» է մաղթել «Մեծ յոթնյակի» պետությունների ղեկավարներին


Ռուսաստանի նախագահ Պուտինն այս կերպ է պատասխանել Կրեմլի թղթակիցների այն հարցին, թե ինչպիսի զգացումներ ունի՝ կապված «Մեծ յոնթյակի» շրջանակներում անցկացված ճաշկերույթին չմասնակցելու հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը չի մասնակցել «Մեծ յոնթյակի» հանդիպմանը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակում Ռուսաստանի ունեցած դերակատարության պատճառով, կտրուկ է արձագանքել իրեն հասցված վիրավորանքին՝ «բարի ախորժակ» մաղթելով առանց իր մասնակցության Բրյուսելում ճաշկերույթ անցկացրած աշխարհի տերությունների ղեկավարներին:

Ռուսաստանի նախագահ Պուտինը, որը մասնակցել է Սանկտ Պետերբուրգ քաղաքում Ռուսատանի աշխարհագրական ընկերակցությունում Արկտիկայի շուրջ քաղաքականությանը նվիրված նիստին, պատասխանել է Կրեմլի թղթակիցների այն հարցին, թե ինչպիսի զգացումներ ունի՝ կապված նման վերաբերմունքի հետ:

«Բարի ախորժակ եմ մաղթում նրանց», - ասել է նախագահ Պուտինը, ապա արագ հեռացել:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է ճանաչի և աշխատի Ուկրաինայի նորընտիր կառավարության հետ և դադարեցնի այս երկրի սահմանամերձ շրջաններում իրականացվող սադրանքները: Հակառակ դեպքում, ըստ ԱՄՆ-ի նախագահի, Ռուսաստանին սպառնում է «Մեծ յոթնյակի» պետությունների կողմից ավելի խիստ պատժամիջոցների ենթարկվելու հնարավորությունը:

«Մենք հնարավորություն կունենանք տեսնելու, ինչ քայլերի է դիմելու պարոն Պուտինը գալիք շաբաթների ընթացքում, և եթե նա շարունակի ներկայիս ուղին, ապա մենք արդեն իսկ նախանշել ենք, թե ինչպիսի գործողությունների ենք պատրաստ դիմելու», - ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացված «Մեծ յոթնյակ»-ի գագաթաժողովին հետևած համատեղ ասուլիսի ժամանակ:

«Ռուսաստանը պետք է օգտվի իրեն ընձեռված հնարավորությունից», - ասել է Օբաման՝ հավելելով. «Ռուսաստանը պետք է ճանաչի, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոն օրինական եղանակով ընտրված առաջնորդ է, և աշխատի Կիևի կառավարության հետ»:
XS
SM
MD
LG