Մատչելի հղումներ

Ֆիլիպ Լեֆորին ընդունել են Հայաստանի նախագահն ու արտգործնախարարը


Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆոր (արխիվային լուսանկար)
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆոր (արխիվային լուսանկար)

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը Հայաստան էր ժամանել հրաժեշտի այցով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, ով Հայաստան է ժամանել հրաժեշտի այցով:

Հայաստանի նախագահը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ողջունել է այդ պաշտոնում Հայաստան վերջին այցելությունը կատարած Ֆիլիպ Լեֆորին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի կարևոր պաշտոնը վկայում է տարածաշրջանի անվտանգության և կայունության նկատմամբ ԵՄ-ի հետաքրքրվածության մասին:

«Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Լեֆորին՝ Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության խորացման գործում նրա ներդրման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը նպաստելուն ուղղված ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում», - ասված է հաղորդագրության մեջ:

ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադառնալով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Սերժ Սարգսյանը, ըստ հաղորդագրության, խորը մտահոգություն է արտահայտել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում շարունակական սադրանքների ու զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք լուրջ խոչընդոտ են հանդիսանում բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը հունվարի 21-ին հանդիպում է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, անդրադարձան տարածաշրջանային հակամարտությունների և դրանց հանգուցալուծման նպատակով գործադրվող ջանքերին:

«Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա։ Նախարարն ընդգծել է, որ չնայած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին և հորդորներին, հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահների և Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG