Մատչելի հղումներ

Լիբանանում ապաստան է գտել Սիրիայից մեկ միլիոն փախստական


Լիբանանը, որի բնակչությունը կազմում է 6 միլիոն մարդ, ջանքեր է գործադրում՝ փախստականների ներհոսքի պատճառով առաջացող խնդիրները լուծելու ուղղությամբ

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գործերով գործակալությունը տեղեկացրել է, որ Լիբանանում այժմ գտնվում է Սիրիայում արդեն երեք տարի շարունակվող ճգնաժամի հետևանքով փախուստի դիմած ավելի քան մեկ միլիոն մարդ:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը տեղեկացրել է, որ Լիբանանում «աղետալի ցուցանիշը» գրանցվել է հինգշաբթի օրը, և այս երկիրը, որի բնակչությունը կազմում է 6 միլիոն մարդ, ջանքեր է գործադրում՝ փախստականների ներհոսքի պատճառով առաջացող խնդիրները լուծելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսը «ցնցող» է անվանել փախստականների ներհոսքի ազդեցությունը Լիբանանի վրա՝ նշելով, որ երկրին անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ օժանդակություն, որպեսզի այն կարողանա համապատասխան ծառայություններ մատուցել փախստականներին:

ՄԱԿ-ը դիմել է միջազգային հանրությանը՝ այս տարի Սիրիայից փախստականներին օգնություն տրամադրելու համար 4 միլիարդ դոլար ծավալով ֆինանսական օժանդակություն տրամադրելու կոչով: Այս գումարի գրեթե կեսը նախատեսվում է տրամադրել Լիբանանում ապաստան գտած փախստականների կարիքների համար, սակայն մինչ օրս ստացված նվիրատվությունները կազմել են ՄԱԿ-ի կողմից հայցած գումարի 13 տոկոսը:

Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Սիրիայում չդադարող ճգնաժամը մեծ վնաս է հասցրել Լիբանանի տնտեսությանը: Միայն անցյալ տարի Սիրիայում ճգնաժամը Լիբանանի տնտեսությանը մոտ 2,5 միլիարդ դոլարի վնասի պատճառ է դարձել:
XS
SM
MD
LG