Մատչելի հղումներ

Լավրով. «ԱՄՆ-ն օգտագործում է Սիրիայում զինաթափման ծրագիրը՝ ռազմական սպառնալիքներ առաջ քաշելու համար»


Ռուսատանի արտգործնախարարը զգուշացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալման դեպքում այս երկրում իշխանության գլուխ կկանգնեն իսլամիստները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Միացյալ Նահանգները փորձում է օգտագործել Սիրիայի քիմիական զենքի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ ստիպելու համար Ռուսաստանին աջակցել ուժի կիրառման սպառնալիք պարունակող ՄԱԿ-ի բանաձևի ընդունմանը:

Լավրովը կիրակի օրն արված իր հայտարարության մեջ ասել է, թե Ռուսաստանը, քիմիական զենքի հանձնման ծրագրի շրջանակներում, պատրաստ է զորք ուղարկել Սիրիա՝ ապահովելու համար այն տարածքների անվտանգությունը, որտեղ կաշխատեն քիմիական զենքի փորձագետները: Արտգործնախարարի համաձայն, մեծ զորախումբ ուղարկելու անհրաժեշտություն չկա, իսկ փորձագետների անվտանգությունը հնարավոր կլինի ապահովել ռազմական դիտորդների միջոցով:

Ռուսատանի արտգործնախարարը զգուշացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալման դեպքում այս երկրում իշխանության գլուխ կկանգնեն իսլամիստները:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը նախօրեին հայտնել է Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի ցանկը ներկայացնելու մասին, ինչը կատարվել է ԱՄՆ-և և Ռուսատանի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում:

Կազմակերպության համաձայն, Սիրիայի իշխանությունների կողմից տրամադրված տեղեկություններն ուսումնասիրվում են «տեխնիկական քարտուղարության» կողմից:
XS
SM
MD
LG