Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարները կհանդիպեն Փարիզում


Լավրով. «Ղրիմում միջազգային դիտորդների առաքելության ընդունման ամսին որոշումը պետք է ընդունվի ոչ թե Ռուսաստանի, այլ Ուկրաինայի և Ղրիմի իշխանությունների կողմից»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի համաձայն, Արևմուտքը, սատարելով Ուկրաինայի հակակառավարական ցուցարարներին, «վատ օրինակ է ծառայել»:

Այս հայտարարությամբ արտգործնախարար Լավրովը հանդես է եկել չորեքշաբթի օրը՝ Իսպանիայի իր գործընկեր Խոսե Մանուել Գարսիա-Մարգալլոյի հետ անցկացված համատեղ ասուլիսի ընթացքում:

Փարիզում չորեքշաբթի ավելի ուշ կանցկացվի Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի և ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրիի միջև հանդիպումը: Երկու պետությունների արտգործնախարարներն այցելել են Փարիզ՝ Լիբանանի հարցին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու համար:

Լավրովը չորեքշաբթի օրը սակայն ասել է, թե Ռուսաստանի իշխանությունները Ղրիմի «ինքնապաշտպանության ուժերին» չեն կարող ռազմակայաններ վերադառնալու մասին հրամաններ արձակել, քանի որ դրանք Ռուսաստանի զինված ուժերի մաս չեն կազմում:

Արտգործնախարար Լավրովն նշել է նաև, որ Ռուսատանի սևծովյան ռազմական նավատորմի անձնակազմն «իր տեղակայման սովորական վայրում է գտնվում»՝ հավելելով, որ Ղրիմում միջազգային դիտորդների առաքելության ընդունման ամսին որոշումը պետք է ընդունվի ոչ թե Ռուսաստանի, այլ Ուկրաինայի և Ղրիմի իշխանությունների կողմից:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին նախօրեին ասել էր, որ Միացյալ Նահանգները կգերադասեր նվազեցնել Ուկրաինայի հարցի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերություններում ստեղծված լարվածությունը:

Կիև երեքշաբթի օրն այցելած ԱՄՆ-ի արտգործնախարարը խոստացել էր 1 միլիարդ դոլարի օգնության փաթեթ տրամադրել Ուկրաինային:

Ուկրաինայի մայրաքաղաքում լրագրողների հետ անցկացված հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարարն նշել էր, որ Ուկրաինայի շուրջ վեճի լուծման կարելի է հասնել դիվանագիտության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, այլ ոչ թե ուժի միակողմանի կիրառման միջոցով:
XS
SM
MD
LG