Մատչելի հղումներ

Ղրղըզստանը նախատեսում է բարձրացնել Ռուսաստանի ռազմակայանների դիմաց գանձվող վարձավճարները


Ղրղըզստանը նախատեսում է չորս անգամ բարձրացնել Ռուսաստանի ռազմակայանների դիմաց գանձվող վարձավճարները:

Երկրի պաշտպանության նախարար Աբդիլլա Քուդայբերդիևը նշել է, որ Ռուսաստանի կողմից ներկայումս տարեկան վճարվող 4,5 միլիոն դոլար կազմող վարձավճարը գանձելու համար հիմք է ծառայում 1993 թվականին ստորագրված պայամագիրը: Քուդայբերդիևն ասել է, որ, հաշվի առնելով սղաճը, ռազմավարական նշանակություն ունեցող այս երկիրը բարձրացնելու է վարձավճարի չափը:

Ռուսաստանը ներկայումս վարձավճար է մուծում Քանթի ռազմական օդանավակայանի և երեք այլ ռազմակայանների դիմաց:

Ռուսաստանի «Ինտերֆաքս» գործակալության համաձայն, հինգշաբթի օրը Ղրղըզստանն առաջարկել է Ռուսաստանին միավորել իր բոլոր ռազմակայանները և համաձայնել երկրում իր ներկայությունը ևս 49 տարով պահպանելուն:

Ռուսաստանի Քանթի ռազմական օդանավակայանը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում գործող Միասնական անվտանգության պայմանագրի կազմակերպության համար, որին մասնակից են նաև Կենտրոնական Ասիայի երկրները:

Ղրղըզստանում գտնվում է նաև ԱՄՆ-ի «Մանաս» ռազմական օդանավակայանը, որը, որպես տարանցիկ կենտրոն, կարևորագույն նշանակություն ունի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերին նյութական մատակարարումներ ապահովման համար:

XS
SM
MD
LG