Մատչելի հղումներ

Ղրղըզստանում խռովությունները շարունակվում են


Ղրղըզստանը խնդրել է Ռուսաստանին զորքեր ուղարկել` խռովությունը ճնշելու համար

Ղրղըզստանի կառավարությունը հայտնել է, որ պատրաստվում է պահեստային զորքեր ուղարկել երկրի հարավ, որտեղ արդեն երեք գիշեր շարունակվում են ուզբեկ և ղրղըզ էթնիկ խմբերի միջեւ զինված բախումները, որոնց արդյունքում ութսուն մարդ սպանվել է, հազարից ավելին՝ վիրավորվել:

Երկրի հարավային քաղաքներ Օշում և Ջալալաբադում ժամանակավոր կառավարությունն անվտանգության ուժերին լիազորել է կրակ բաց անել:

Ղրղըզստանը խնդրել է Ռուսաստանին զորքեր ուղարկել` օգնելու ճնշել խռովությունը: Փոխարենը` Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել:

Ռոյթըրս լրատվական գործակալության հաղորդմամբ, Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը “ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը” և երկուշաբթի օրը քննարկումներ կանցկացնի ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների հետ:

Մեդվեդեւին հղած նամակում Ղրղըզստանի ժամանակավոր նախագահ Ռոզա Օթունբաեվան հայտնել է, որ հարավային Ղրղըզստանում իրավիճակն անվերահսկելի է, և Բիշքեկն արտաքին օգնության կարիք ունի:

Օշ քաղաքը վերահսկվում էր նախկին նախագահի կողմնակիցների կողմից: Ղրղըզ զինված ավազակային խմբերի կողմից բռնությունները ստիպել են հազարավոր ուզբեկների լքել իրենց տները: Հարևան Ուզբեկստանի արտգործնախարարությունն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Օթունբաեվան ստեղծված իրավիճակի համար մեղադրում է արտաքին ուժերին` պատճառաբանելով, որ այդ խմբերը փորձում են տապալել նախագահի լիազորությունները կրճատելու նպատակ ունեցող, ամսվա վերջին կայանալիք սահմանադրության հանրաքվեն:

Ռուսաստանը և Չինաստանը կոչ են արել անհապաղ վերջ դնել անկարգություններին: ԱՄՆ-ը կոչ է արել արագ վերականգնել խաղաղությունն ու հանրային կարգը հարավային Ղրղըզստանում և իր աջակցությունն է հայտնել այս երկրում էթնիկ բախումները վերջ դնելու ՄԱԿ-ի և եվրոպական երկրների ջանքերին:

XS
SM
MD
LG