Մատչելի հղումներ

Ղրղըզստանի նախագահը «վտանգավոր» է անվանել իր երկրում ԱՄՆ-ի ռազմակայանի ներկայությունը


Ղրղըզստանի նախագահը «վտանգավոր» է անվանել իր երկրում ԱՄՆ-ի ռազմակայանի ներկայությունը
Ղրղըզստանի նախագահը «վտանգավոր» է անվանել իր երկրում ԱՄՆ-ի ռազմակայանի ներկայությունը

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն ասել է, թե չափազանց վտանգավոր է դարձել իր երկրի քաղաքացիական օդանավակայանի մոտակայքում Միացյալ Նահանգների օդային ռազմակայանի գործունեության շարունակությունը:

Նախագահ Աթամբաևը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքը հայտնել է Ղրղըզստանն այցելած ԱՄՆ-ի արտգործնախարարի օգնական Ռոբերտ Բլեյքին այն մասին, որ Միացյալ Նահանգների կողմից օդային ռազմակայանի ներկայության համար տարեկան վճարվող 150 միլիոն դոլար վարձաչափը չի արդարացնում քաղաքացիական օդանավակայանում թռիչքի ռազմական դաշտ պահպանելու հետ կապված վտանգը:

Ղրղըզստանի նախագահը Բիշքեկում լրագրողների հետ անցկացված հանդիպման ընթացքում հայտնել է, որ Միացյալ Նահանգների զինուժը պետք է հեռանա օդանավակայանից մինչև 2014 թվականին վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտը կամ աշխատի Ռուսաստանի հետ համատեղ՝ օդանավակայանային առանձին կենտրոն հիմնադրելու ուղղությամբ:

Ղրղըզստանի Մանաս քաղաքացիական օդանավակայանի մոտակայքում գտնվող օդային ռազմակայանը Միացյալ Նահանգների կողմից օգտագործվում է որպես Աֆղանստանում վարվող պատերազմում մասնակցող ստորաբաժանումների մատակարարման հիմնական կենտրոն:

Անցյալ ամիս սակայն նախագահ Աթամբաևն ասել էր, որ Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի մասնակցությամբ իրականացվող ռազմական գործողությունները նպաստում են Իրանի հետ հարաբերությունների վատթարացման, և ինքը չի ցանկանում, որ այս պետություններից որևէ մեկը պատասխան հարված հասցնի իր երկրում գտնվող օդանավակայանի ուղղությամբ:

Ղրղըզստանի նախագահն ասել է, որ իր երկիրը կատարելու է ԱՄՆ-ի հետ օդային ռազմակայանի վարձակալության պայմանագրով ամրագրված պարտականությունները, սակայն չի երկարաձգելու այն, և հերքել ԱՄՆ-ի կողմից ռազմակայանի օգտագործումը դադարեցնելու մասին որոշում ընդունելու մեջ Ռուսաստանի ազդեցությունը:

XS
SM
MD
LG