Մատչելի հղումներ

Քուրդ ապստամբները մի ավտոբուս են պայթեցրել Ստամբուլում


Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավտոբուսի պայթյունից զոհվել է 5, վիրավորվել՝ 12 մարդ

Թուրք զինվորականների ու նրանց ընտանիքի անդամներին տեղափոխող ավտոբուսը պայթեցնելու պատասխանատվությունն իր վրա է վերցրել Քրդստանի ազատության բազեներ անվանումը կրող կազմակերպությունը, որը Քրդստանի աշխատավորական կուսակցության մասնաճյուղերից է։

Հեռվից ղեկավարվող ռումբից պայթած ավտոբուսն այդ պահին ուղեւորվելիս է եղել դեպի Հալքալաքի մարզի զինվորական բնակելի թաղամասը։ Սպանվածներից չորսը Թուրքիայի բանակի զինվորականներ են, մյուսը՝ սպաներից մեկի 17-ամյա դուստրը։

Այս հարձակման արդյունքում սպանված թուրք զինվորականների թվի հետ միասին, վերջին մի քանի օրերի ընթացքում քրդերի կողմից իրականացված հարձակումներին զոհ գնացած թուրք բանակայինների թիվը հասավ 17-ի։

Թուրքիայի զինված ուժերը թուրք-իրաքյան սահմանի երկայնքով երկուշաբթի օրվանից սկսել են ռազամական գործողություններ ընդդեմ քուրդ ապստամբների։ Ըստ թուրքական բանակի հաղորդագրությունների, անցած գիշերվա ընթացքում իրականացված գործողությունների ժամանակ սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության 7 անդամ։

XS
SM
MD
LG