«Իսլամական պետություն» խմբավորման դեմ 2014 թ-ից ի վեր պատերազմի բռնկմանը զուգահեռ հազարավոր իրաքցիներ գաղթել են Քրդական ինքնավարության տարածք: Ըստ ՄԱԿ-ի փախստականների գծով համադասող Ջոզեֆ Մերքսի՝ տեղահանվածների թիվը հասնում է մոտ մեկուկես միլիոնի, երբ տեղիբնակչության թիվը հինգ միլիոնից չի անցնում. «Ընդունելու կարողությունները սահմանափակ են, և տվյալ պահին այն անցել է բոլոր հնարավոր սահմանները, քանի որ այդ մարդիկ կարիք ունեն օգտվելու կրթության, առողջապահության, ջրի և էլեկտրականության ծառայություններից:
Ինքնավարության որոշ հատվածներում բնակչության 25-30 տոկոսը տեղահանված իրաքցիներ են, և քրդական իշխանությունները արդեն տնտեսական ճգնաժամի եզրին են: Սակայն է՛լ ավելի շատ իրաքցիների ներհոսք է ակնկալվում. «Եթե Մոսուլը առնվի, մենք պետք է պատրաստ լինենք առերեսվելու ավելի մեծ ներգաղթի: Մենք մարդկանց կարիքները հոգալու համար վրանների, շտապ օգնության պարագաների կարիք ունենք»:
Ըստ փախստականների Բահարկայի ճամբարի տնօրենի՝ միայն նոր տեղահանվածները չէ, որ հոգածության կարիք ունեն: Նրանք ովքեր ապրում են հյուրանոցներում կամ կիսաշեն ապաստարաններում, ցարդ աղերսում են թույլատրել մուտք գործելու ճամբար. «Ակնկալում ենք, որ այս ճգնաժամը դեռ երկար կծավալվի և նորանոր ընտանիքներ կժամանեն այս ապաստարան»:
Տարածաշրջանում զանգվածային գաղթի ահազանգը արդեն դրդել է օգնություն տրամադրող գործակալություններին օգնության կոչով դիմելու միջազգային հանրությանը: