Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Մոսկվայի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշման համաձայն նախագահ Սարգսյանին շնորհվել է համալսարանի Պատվավոր պրոֆեսորի կոչում: Միջոցառման ժամանակ Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչը կոչումը շնորհելու մասին դիպլոմն ու մեդալը հանձնել է Սերժ Սարգսյանին:
Հանդիպումից հետո Հայաստանի նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշարձան, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ դնելով հուշարձանին:
Այնուհետև Կրեմլի Մեծ պալատում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
Բանակցությունների ընդմիջմանը նախագահներ Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: Երկու երկրների ղեկավարներն անկեղծ ցավակցության խոսքեր և աջակցություն են հայտնել Թուրքիայի նախագահին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Նախագահ Գյուլը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ցուցաբերած համերաշխության համար:
Ռուսաստանի մայրաքաղաք Մոկսվայում պետական այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և հայկական պատվիրակության հետ բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համատեղ ասուլիս անցկացրեցին:
Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը, ողջունելով Հայաստանի նախագահին և հայաստանյան մեծ պատվիրակությունը Մոսկվայում, հույս է հայտնել, որ պետական այս այցը կարևոր փուլ կդառնա Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության, դաշնակցային բազմակողմանի հարաբերությունների զարգացման, ինչպես նաև երկու պետությունների ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման համար:
Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահ Մեդվեդևը հայտնել է, որ Հայաստանի նախագահի և հայաստանյան պատվիրակության հետ անցկացված բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության առաջնային հարցեր:
«Մենք կանոնավոր հանդիպում ենք անցկացնում Սերժ Ազատիի հետ: Սա քաղաքական երկխոսություն է, որը, իմ կարծիքով, շատ կարևոր է մեր հարաբերությունների հավասարակշռությունն ու լրջությունը պահպանելու համար», - ասել է Դմիտրի Մեդվեդևը:
Անդրադառնալով նախագահների միջև քննարկված արտաքին քաղաքականության հարցերին` նախագահ Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը հետաքրքրված են զարգացնելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցությունը` հավելելով, որ երկու պետությունները մոտ դիրքորոշումներ ունեն համաշխարհային քաղաքականության խնդիրների վերաբերյալ:
«Անդրկովկասում անվտանգության թեմային միշտ առաջնություն է տրվում», - ասել է նախագահ Մեդվեդևը: - «Մենք փոխանակեցինք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ներկա իրավիճակի գնահատականները: Համոզված եմ, որ հակամարտության արդար լուծման հնարավոր է հասնել միայն քաղաքական ճանապարհով: Վերջին տարիներին քիչ աշխատանք չի տարվել այս ուղղությամբ` ներառյալ Ռուսաստանի մասնակցությամբ: Կարծում եմ` մենք, որպես Մինսկի խմբին համանախագահ, պետք է հետագայում շարունակենք աջակցությունը բանակցային գործընթացին` կազմակերպելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ անմիջական հանդիպումներ», - ասել է Դմիտրի Մեդվեդևը:
Հայաստանի նախագահը հարցազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին և արտաքին գործերի նախարարին հետևողականորեն իրականացվող միջնորդական ջանքերի համար, որոնք վերջիններս, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ այլ պետությունների հետ սերտ համագործակցությամբ, գործադրում են` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ և անձնական մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կազմակերպվել է արդեն տասը հանդիպում, որոնց ընթացքում ստորագրվել է փխրուն խաղաղության պահպանման և կողմերի միջև «վստահության նշանների առաջացմանը նպաստող» երեք հայտարարություն:
«Այսօրվա հանդիպման ընթացքում ես վերահաստատեցի միայն խաղաղ միջոցներով` հիմք ընդունելով միջազգային իրավունքի միասնական սկզբունքները, հակամարտությունը լուծելու Հայաստանի հանձնառությունը: Հենց այս անկյունից ենք տեսնում հիմնարար իրավունքների և ազատությունների իրականացման հարցի կարգավորումը` խաղաղության, անվտանգության և կայունության երաշխավորման պայմաններում», - Ռուսաստանի նախագահի հետ անցկացված հարցազրույցի ընթացքում նշել է Հայաստանի նախագահ Սարգսյանը: