Մատչելի հղումներ

Կրեմլ. «Սաուդյան Արաբիայի հետ Սիրիայի շուրջ որևէ գործարք չի կնքվել»


Ըստ Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի, Բանդարն ու Պուտինը Սիրիայում հակամարտության շուրջ «համանման մտահոգություններ են արտահայտել»

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որևէ համաձայնության չի եկել Սաուդյան Արաբիայի հետ՝ տնտեսական խթանների, ներառյալ սպառազինության վաճառքի մասին համաձայնագիր կնքելու դիմաց Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ցուցադրվող օժանդակությունը նվազեցնելու շուրջ»:

Այս մասին հաղորդել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը՝ արձագանքելով Սաուդյան Արաբիայի հետախուզական կազմակերպության ղեկավար, արքայազն Բանդար բին Սուլթանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև անցկացված հաղորդումներին:

Ուշակովի համաձայն, Պուտինի և բին Սուլթանի միջև հանդիպման ընթացքում ռազմական համագործակցության շուրջ որևէ մանրամասներ չեն քննարկվել: Նա սակայն պաշտոնապես չի հերքել լուրերն այն մասին, որ նման համագործակցության հնարավորությունը քննարկվել է ընդհանուր առմամբ:

«Պուտինը չի քննարկել գործարքը: Ռազմական համագործակցության զարգացման վերաբերյալ հստակ որևէ հարց չի քննարկվել», - ասել է Ուշակովը՝ հավելելով. «Հանդիպումը եղել է շատ հագեցած ու հետաքրքիր և փիլիսոփայական բնույթ է կրել»:

Ըստ Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի, Բանդարն ու Պուտինը Սիրիայում հակամարտության շուրջ «համանման մտահոգություններ են արտահայտել»:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում վերջերս տեղ են գտել հրապարակումներ, որոնց համաձայն մերձավորարևելյան և Արևմուտքի պետությունների դիվանագիտական աղբյուրները հայտնել են այն մասին, որ Սաուդյան Արաբիայի հետախուզական կազմակերպության ղեկավար, արքայազն Բանդար բին Սուլթանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Մոսկվայում անցկացված հանդիպման ընթացքում Ռուսաստանին առաջարկվել են տնտեսական խթաններ, այդ թվում՝ սպառազինություն գնելու մեծածավալ համաձայնագրի կնքում և Ռուսաստանի կողմից գազի վաճառքի հարցում խոչընդոտների վերացում՝ փոխարենը պահանջելով Մոսկվային նվազեցնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ցուցաբերվող օժանդակությունը:

Սիրիայում Սաուդյան Արաբիայի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, արքայազն Բանդարն առաջարկել էր կնքել Ռուսաստանում արտադրված զենքի գնման մասին համաձայնագիր, որը ծավալը կկազմի 15 միլիարդ դոլար, ինչպես նաև երաշխավորել, որ Պարսից ծոցում արդյունահանվող բնական գազը չի վտանգի Ռուսաստանի դիրքը որպես Եվրոպա բնական գազ մատակարարող հիմնական կողմ:

Այս աղբյուրների համաձայն, փոխարենը Սաուդյան Արաբիան ցանկանում է, որ Մոսկվան նվազեցնի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին տրամադրվող օժանդակությունը և համաձայնություն տա չարգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի հարցով ապագայում ընդունվելիք որևէ բանաձև:
XS
SM
MD
LG