Մատչելի հղումներ

Կրեմլ. «Ոչնչացվել է ժնևյան համաձայնությունները կյանքի կոչելու վերջին հույսը»


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի համաձայն, նախագահ Վլադիմիր Պուտինը ստանում է Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալվող իրավիճակի մասին բոլոր տեղեկությունները, սակայն չի մանրամասնել, թե Մոսկվան ինչպես է արձագանքելու Կիևի գործողություններին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ուրբաթ օրն ասել է, ր Ուկրաինայի կառավարական ուժերի կողմից Սլավյանսկ քաղաքում մեկնարկած ռազմական գործողությունները փաստորեն վերացրել են Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը:

«Կիևի վարչակարգը դիմել է մարտական ավիացիայի կողմից խաղաղ բնակավայրերի ռմբակոծության, մեկնարկել է պատժիչ գործողություններ՝ փաստորեն ոչնչացնելով ժնևյան համաձայնությունների կենսունակության մասին վերջին հույսը», - ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Պեսկովը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի համաձայն, նախագահ Վլադիմիր Պուտինը ստանում է Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալվող իրավիճակի մասին բոլոր տեղեկությունները, սակայն չի մանրամասնել, թե Մոսկվան ինչպես է արձագանքելու Կիևի գործողություններին:

Նախագահ Պուտինի մամուլի քարտուղարը, բացի այդ, տեղեկացրել է, որ Ուկրաինայում ծավալված մարտական գործողությունների նախօրեին Ռուսաստանի նախագահն իր հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինին ուղարկել էր Ուկրաինայի հարավ-արևելք՝ այնտեղ ավելի վաղ կալանավորված օտարերկրյա ռազմական դիտորդներին ազատ արձակելու շուրջ բանակցություններ վարելու համար:

«Պատժիչ գործողությունների մեկնարկից հետո ռուսական կողմը դեռևս չի կարող կապ հաստատել Լուկինի հետ» - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

Որոշ լրատվամիջոցները սակայն դեռևս չհաստատված հաղորդագրություններով են հանդես եկել, որոնց համաձայն Ուկրաինայում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչն ավելի ուշ կապ է հաստատել իր ազգակիցների հետ՝ տեղեկացնելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է:
XS
SM
MD
LG