Մատչելի հղումներ

Այսօր կանցկացվեն սենատոր Քերիի արտգործնախարարի պաշտոնում հաստատման լսումները


Սենատոր Քերին ԱՄՆ-ի Սենատում կպատասխանի իր գործընկերների հարցերին

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջոն Քերին այսօր դեմ առ դեմ կկանգնի իր գործընկերների հետ՝ երկրի արտգործնախարարի պաշտոնում հաստատման կայանալիք լսումների ընթացքում:

Սպասվում է, որ դեմոկրատական կուսակցության նախագահի նախկին թեկնածուն կպատասխանի զինված ուժերում իր ծառայության, Սիրիայում չդադարող ճգնաժամին, ինչպես նաև Կանադայից մինչև ԱՄՆ-ի Տեխաս նահանգը «Քիստոուն Էքս-Էլ» նավթամուղի նախագծի շուրջ հարցերին:

Որպես Միացյալ Նահանգների ամենահարուստ սենատորներից մեկը, Քերին արդեն իսկ հեռացրել է արտգործնախարարի պաշտոնում իր հաստատման ճանապարհին եղած արգելքներից մեկը՝ խոստանալով դուրս բերել իր ներդրումներն այն ընկերություններից, որոնք կարող են շահերի բախման առարկա դառնալ՝ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելու դեպքում: Քերին ազատվել է իր ունեցած մասնաբաժնից ԱՄՆ-ի կառավարության հետ գործարքներ իրականացնող ընկերություններում, ինչպես նաև այն ընկերություններում, որոնց վրա կարող են ազդեցություն ունենալ դիվանագիտական ոլորտում իր կողմից կայացվելիք որոշումները:

ԱՄՆ-ի արտգործնախարարի պաշտոնի թեկնածու, սենատոր Ջոն Քերիի կարողությունը, ըստ որոշ գնահատականների, կազմում է 184 միլիոն դոլար:
XS
SM
MD
LG