Մատչելի հղումներ

Քերին ուղերձով կդիմի «Սիրիայի բարեկամներ»-ին


Ըստ վերլուծաբանների, դեռևս հստակ հայտնի չէ, թե արդյոք Սիրաիյի հարցով խաղաղության համաժողովը կանցկացվի ըստ նախատեսված ժամանակացույցի

Հորդանանում գտնվող ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին չորեքշաբթի օրը հանդիպում կանցկացնի տասը պետություններ ներկայացնող բարձրաստիճան դիվանագետների հետ:

Քերին, Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ տալու ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից գործադրվող ջանքերի շրջանակներում, ուղերձով կդիմի «Սիրիայի բարեկամներ» անվանումը կրող մի խումբ պետությունների ներկայացուցիչներին՝ փորձելով համաձայնություն ձեռք բերել խաղաղության միջազգային համաժողովի անցկացման շուրջ:

ԱՄՆ-ի բարձրաստիճան վերլուծաբանների համաձայն, Ամմանում չորեքշաբթի օրը կայանալիք հանդիպումը կազմում է Սիրիայի հակամարտության շուրջ ԱՄՆ-ի դաշնակիցների հետ վարվող աշխատանքի մասերից մեկը:

Հորդանանի իշխանությունների համաձայն, հանդիպմանը կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գրեմանիայի, Իտալիայի, ինչպես նաև Եգիպտոսի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրույթունների բարձրաստիճան հանձնակատարները:

Սիրիայի հարցով խաղաղության միջազգային համաժողովի կազմակերպիչները ցանկանում են միջոցառումն անցկացնել Ժնևում՝ գալիք ամսվա ընթացքում, սակայն ո՛չ Սիրիայի կառավարությունը, ո՛չ էլ ընդդիմության ներկայացուցիչները դեռևս չեն տվել համաժողովին մասնակցելու համաձայնություն: Ըստ վերլուծաբանների, դեռևս նույնիսկ հստակ հայտնի չէ, թե արդյոք խաղաղության համաժողովը կանցկացվի ըստ նախատեսված ժամանակացույցի:

Համաժողովի անցկացման համար խոչընդոտ է հանդիսանում նաև Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև Իրանի մասնակցության կապակցությամբ ստեղծված տարաձայնությունը: Մոսկվան պնդում է, որ Իրանի մասնակցությունն անհրաժեշտ է, մինչդեռ Միացյալ Նահանգները կտրուկ դեմ է հանդես գալիս այս պետության մասնակցության: Իրանի մասնակցությանը դեմ են արտահայտվել նաև Ֆրանսիայի իշխանությունները:
XS
SM
MD
LG