Մատչելի հղումներ

Քերի. «Ծանր իրավիճակը Սիրիայում գնալով վատթարանում է»


«Միացյալ Նահանգները վկայություններ ունի այն մասին, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ հարձակումն իրականացվել է այս երկրի վարչակարգի հրահանգով»

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի համաձայն, իրավիճակը Սիրիայում «ծանր է և գնալով վատթարանում է»:

Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդես է եկել Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի համաձայն, Միացյալ Նահանգները վկայություններ ունի այն մասին, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ հարձակումն իրականացվել է այս երկրի վարչակարգի հրահանգով:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն իր հերթին ասել է, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «մարդասպանին վայել անտարբերություն» է ցուցաբերել իր ժողովրդի բարեկեցության նկատմամբ, և որ Սիրիայի հարցում Վաշինգտոնը վայելում է Մեծ Բրիտանիայի ամբողջական աջակցությունը:

Ռուսատանի մայրաքաղաք Մոսկվա ժամանած Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից ռազմական հարված հասցնելու դեպքում կարող են խարխլվել երկրում շարունակվող հակամարտության լուծման շուրջ Ժնևում անցկացվելիք խաղաղության համաժողով անցկացնելու փորձերը:

Սիրիայի արտգործնախարարի հետ անցկացված համատեղ ասուլիսի ընթացքում Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովն «անթույլատրելի» է անվանել Սիրիայում օտարերկրյա ռազմական միջամտությունը՝ պնդելով, որ Սիրիայում չդադարող ճգնաժամի խաղաղ կարգավորմանն «այլընտրանք չկա»:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մեկնարկում է երկօրյա ակտիվ գործողություններ՝ համոզելու համար ԱՄՆ-ի Կոնգրեսին և Միացյալ Նահանգների ժողովրդին Սիրիայում ռազմական հարված հասցնելու անհրաժեշտության մեջ:

Այս գործողությունների շրջանակում անվտանգության հարցերով Օբամայի բարձրաստիճան խորհրդականներն այս շաբաթվա ընթացքում բաց և գաղտնի հանդիպումներ կանցկացնեն ԱՄՆ-ի օրենսդիրների հետ: Նախագահ Օբաման երկուշաբթի օրը հարցազրույցներ կտա ԱՄՆ-ի խոշորագույն վեց հեռուստաընկերություններին, իսկ երեքշաբթի երեկոյան ուղերձով հանդես կգա ԱՄՆ-ի ժողովրդին ուղղված ուղերձով:
XS
SM
MD
LG