Մատչելի հղումներ

Քերրի. Ռուսաստանը հնարավորություն է տալիս Ասադին ահաբեկել Սիրիայի ժողովրդին


ԱՄՆ-ի արտգործնախարարը հորդորել է Մոսկվային գործադրել ավելի շատ ջանքեր՝ Ժնևում անցկացվող բանակցությունների միջոցով Սիրիայի հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրիի համաձայն, Ռուսաստանը հնարավորություն է տալիս Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ահաբեկման արշավ իրականացնել իր սեփական ժողովրդի նկատմամբ:

Արտգործնախարար Քերրին այս հայտարարությամբ հանդես է եկել Ինդոնեզիա կատարվող իր այցը ընթացքում, որի ժամանակ հորդորել է Մոսկվային գործադրել ավելի շատ ջանքեր՝ Ժնևում անցկացվող բանակցությունների միջոցով Սիրիայի հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ:

Արտգործնախարար Քերրին ասել է, որ նախագահ Ասադին հավատարիմ ուժերի կողմից խաղաղ բնակչության ուղղությամբ ռմբակոծությունների շարունակվող իրականացումը վկայում է այն մասին, որ Սիրիայի կառավարությունը ռազմական լուծում է ցանկանում գտնել ավելի քան երեք տարի շարունակվող բռնություններին:

«Ցավով պետք է նշեմ, որ նրանք կատարում են դա՝ Իրանից, «Հեզբոլլահ»-ից և Ռուսաստանից տրամադրվող՝ հետզհետե ավելացող օժանդակության պայմաններում: Ռուսաստանը պետք է կազմի լուծման մաս, այլ ոչ թե տրամադրի այնքան զենք ու օգնություն, որպեսզի Ասադը կարողանա ստանալ առավելություն», - ասել է արտգործնախարար Քերրին:

Արտգործնախարար Քերրին նշել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մի քանի անգամ իր հետ համատեղ հրապարակայնորեն հանդես են եկել Սիրիայում ժամանակավոր կառավարության ստեղծման, Ժնևյան կոմյունիկեն ու Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված ժնևյան առաջին բանակցությունները սատարելուն հավատարիմ լինելու մասին հայտարարություններով, սակայն նրանք չեն գործադրել այնպիսի ջանքեր, «որոնք կարող են նպաստել այս նպատակների իրագործմանը»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, թե Սիրիայում խաղաղության բանակցություններում առաջընթացի գրանցումը խաթարում են այս երկրի ընդդիմության աջակիցները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, որոնք կենտրոնանում են նախագահ Ասադին իշխանությունից հեռացնելու «անիրատեսական» նպատակի վրա:
XS
SM
MD
LG