Մատչելի հղումներ

Արտգործնախարար Քերին բանակցություններ է վարում Պակիստանում


«Վաշինգտոնը նախատեսում է վերածել Պակիստանի հետ ունեցած հարաբերությունները լիարժեք գործընկերության»

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին ասել է, որ Վաշինգտոնը նախատեսում է վերածել Պակիստանի հետ ունեցած հարաբերությունները լիարժեք գործընկերության, և որ երկու կողմերը կվերսկսեն բանակցություններն անվտանգության հարցերի շուրջ:

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում այս երկրի պաշտոնյաների հետ ունեցած բանակցություններից հետո անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ արտգործնախարար Քերին ասել է, որ երկու երկրներն իրենց առջև կանգնած մարտահրավերները կառավարելու արդյունավետ եղանակներ են փնտրում:

Միացյալ Նահանգների և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև անցկացվող բանակցությունները դադարեցվել էին 2011 թվականին՝ Պակիստանի 24 զինծառայողի մահվան պատճառը դարձած ՆԱՏՕ-ի օդային հարվածից հետո:

ԱՄՆ-ի արտգործնախարի խոսքերով, ռազմավարական երկխոսության վերսկսումը միտված է ավելի խորը և համապարփակ հարաբերությունների զարգացմանը: Քերին նաև հրավիրել է Պակիստանի նորընտիր վարչապետ Նավազ Շարիֆին հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:

Պակիստանում պահպանվում են հակաամերիկյան տրամադրվածություններ, քանի որ վերջինիս իշխանությունները պնդում են, որ Միացյալ Նահանգներն ըստ արժանվույն չի գնահատում ահաբեկչության դեմ պայքարում Պակիստանի կողմից կաևարված զոհաբերությունները: ԱՄՆ-ի պաշտոնյաները սակայն հուսով են, որ Պակիստանի նոր վարչապետի ընտրությունն ու Աֆղանստանից ԱՄՆ-ի զինված ուժերի գալիք դուրսբերումը երկու պետությունների միջև հարաբերությունների բարելավման նոր հնարվորություն կընձեռեն:
XS
SM
MD
LG