Մատչելի հղումներ

Քերրին հանդիպում է ունեցել Իրաքի քրդերի առաջնորդների հետ


ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին ասել է, որ Իրաքում համապարփակ կառավարության ձևավորումն այս երկրի «հիմնական մարտահրավերն» է

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին ասել է, որ Իրաքում համապարփակ կառավարության ձևավորումն այս երկրի «հիմնական մարտահրավերն» է:

Արտգործնախարար Քերրին, շարունակելով Իրաք կատարվող իր այցը, երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել այս երկրի հյուսիսում գտնվող քրդերի ինքնավար շրջանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ:

Հանդիպման ընթացքում Բարզանին ասել է, որ Իրաքն այժմ դեմ առ դեմ է կանգնել «նոր իրականության հետ»՝ շեշտելով, որ քրդերը «փորձում են լուծում գտնել երկրում ստեղծված ճգնաժամին»:

Քրդական ուժերը վերահսկողություն են հաստատել նավթով հարուստ Քիրքուք քաղաքի նկատմամբ, որն ավելի վաղ գրավել էին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները:

ԱՄՆ-ի արտգործնախարարը գովասանքի խոսքեր է ուղղել քրդական ուժերին՝ ասելով, որ վերջին օրերին Իրաքում բնակվող քրդերի ուժերը կարևոր դեր են ունեցել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ ուղղված պայքարի, ինչպես նաև Իրաքի անվտանգության ուժերին աջակցություն տրամադրելու գործում:

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունն իր հերթին շեշտել է, որ Իրաքում տեղի ունեցող քաղաքական գործընթացում քրդերի ներգրավվածությունը չափազանց կարևոր է, քանի որ այս գործընթացից նրանց դուրս գալը «հղի է բազմաթիվ բացասական միտումների արագ զարգացմամբ»:

Միավորված ազգերի կազմակերպությունը երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ հունիս ամսվա ընթացքում Իրաքում զոհվել է ավելի քան 1 000 մարդ, հիմնականում՝ խաղաղ բնակիչներ:
XS
SM
MD
LG