Մատչելի հղումներ

Քերրին ու Լավրովը Լոնդոնում կքննարկեն Ուկրաինայի ճգնաժամը


Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպում անցկացնելուց առաջ ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդիպումներ է անցկացնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի և արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին ժամանել է Լոնդոն, որտեղ բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ՝ Ուկրաինայում ծավալված ճգնաժամի շուրջ:

Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպում անցկացնելուց առաջ ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդիպումներ է անցկացնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի և արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ:

Քերրիի և Լավրովի միջև ուրբաթ օրը կայանալիք բանակցություններն անցկացվելու են այն ընթացքում, երբ ճգնաժամի կիզակետում գտնվող Ուկրաինայի շրջանը՝ Ղրիմը, նախապատրաստվում է կիրակի օրն անցկացնել հանրաքվե, որի հետևանքով այն կարող է առանձնանալ Ուկրաինայից և միանալ Ռուսաստանին:

ԱՄՆ-ի և Եվրոպայի պետությունների առաջնորդները հակասահմանադրական են որակել Ռուսաստանի աջակցությամբ անցկացվելիք հանրաքվեն, և արտգործնախարար Քերրին զգուշացրել է, որ Ղրիմը Ռուսաստանին բռնակցելը լուրջ հետևանքներ է ունենալու Մոսկվայի համար:

Ռուսաստանի իշխանությունները սակայն պնդում են, որ անցյալ ամսվա ընթացքում Ուկրաինայի ռուսաստանամետ կառավարության տապալումից հետո Ղրիմի ընտրողներն ինքնորոշման իրավունք են ստացել:

Մոսկվան հինգշաբթի օրն ընդունել է Ուկրաինայի սահմանների ուղղությամբ հազարավոր լրացուցիչ զինծառայողներ և մեծ ծավալով ռազմական տեխնիկա ուղարկելու փաստը՝ այնտեղ երկու շաբաթ տևողությամբ զորավարժություններ անցկացնելու նպատակով:

ԱՄՆ-ի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նախօրեին տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները «չափազանց անհանգստացած է» Ռուսաստանի նման գործողություններով, որոնք կատարվել են՝ ի լրումն Ռուսաստանի կողմից Ղրիմ արդեն իսկ ուղարկված 20 հազար զինծառայողի:

ԱՄՆ-ի արտգործնախարարության պաշտոնյայի համաձայն, Ռուսաստանն այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է կայացրել Ուկրաինայի արևելյան սահմանների մոտակայքում մեծածավալ ուժեր տեղակայելու մասին որոշում՝ «չապահովելով այս գործողությունների վերաբերյալ գրեթե ոչ մի թափանցիկություն»: Նա ասել է նաև, որ Լոնդոնում Քերրին հարցեր կուղղի Լավրովի Ռուսաստանի այս քայլի մասին, նման քայլերը կանվանի «ապակայունացնող» և «ահաբեկման մթնոլորտ ստեղծող»:
XS
SM
MD
LG