Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարը ժամանել է Իսրայել


Սպասվում է, որ արտգործնախարար Քերին կներկայացնի խաղաղության բանակցությունների նոր ձևաչափ

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին հինգշաբթի օրը ժամանել է Իսրայել՝ իսրայելա-պաղեստինյան բանակցություններին նոր թափ հաղորդելու նպատակով:

Միացյալ Նահանգների իշխանությունների համաձայն, այս՝ վերջին մեկ տարվա ընթացքում կատարվող արդեն տասներորդ, այցի ընթացքում արտգործնախարար Քերին նախատեսում է առաջարկել բանակցությունների ներ ձևաչափ, որի շրջանակներում քննարկվելու են իսրայելա-պաղեստինյան երկարատև հակամարտության հիմնական խնդիրները, ինչպես նաև պաղեստինյան անկախ պետության հիմնադրման հնարավոր ուղիները:

Իսրայելի և Պաղեստինյան ինքնավարության դիրքորոշումների միջև այս շաբաթ անցկացված բանակցությունների ընթացքում, որոնց ժամանակ, ի թիվս այլոց, քննարկվել են սահմանների, անվտանգության, փախստականների և Երուսաղեմի կարգավիճակի խնդիրները պահպանվում են չափազանց մեծ տարբերություններ:

Իսրայելի փոխարտգործնախարար Զեև Էլկինը հինգշաբթի օրը հերքել է 1967 թվականին տեղի ունեցած Վեցօրյա պատերազմից առաջ գոյություն ունեցող սահմաններում պաղեստինյան պետության հիմնադրման առաջարկությունը՝ ասելով, որ Հորդանանի դաշտավայրը պետք է ընդմիշտ մնա Իսրայելի վերահսկողության տակ:

Փոխարտգործնախարար Էլկինը «Օսվենցիմի սահման» է անվանել 1967 թվականի սահմանները՝ նշելով, որ սահմանի ցանկացած փոփոխության հետևանքով «Իսրայելը կարող է վերանալ»:

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասը երեքշաբթի օրը կրկին կոչ էր արել դուրս բերել Իսրայելի զինծառայողներին և բնակիչներին 1967 թվականին գրաված տարածքներից՝ հավելելով, որ «հեշտությամբ կհրաժարվի անշահավետ ցանկացած գործարքից»:
XS
SM
MD
LG