Մատչելի հղումներ

«Իսրայելն ու պաղեստինցիները պետք է խելամիտ զիջումների գնան»


ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ. Իսրայելն ու պաղեստինցիները համաձայնության են եկել առնվազն ինն ամիս խաղաղության ուղիղ բանակցություններ անցկացնելու մասին

Իսրայելի և պաղեստինցիների բանագնացները երկուշաբթի երեկոյան հանդիպում են ունեցել Վաշինգտոնում անցկացված ճաշկերույթի ժամանակ՝ նախապատրաստվելով երեք տարվա ընթացքում կայանալիք խաղաղության առաջին բանակցությունների:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին անցկացրել է ճաշկերույթը՝ երկու կողմերին բանակցությունների ընթացքում խելամիտ զիջումներ կատարելու մասին ուղերձով դիմելուց հետո:

Քերին բարդ, դժվարին, հուզական և խորհրդանշական է անվանել բանակցությունների հիմքում ընկած խնդիրները՝ նշելով սակայն, որ դրանց լուծում չգտնելու հետևանքները կարող են շատ ավելի վատ լինել:

Բանակցությունները կանցկացվեն Իսրայելի բանագնաց, արդարադատության նախարար Ցիպի Լիվինի և պաղեստինցիների գլխավոր բանագնաց Սաեբ Էրաքաթի միջև:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը բանակցությունների ընթացքում կներկայացնի Իսրայելում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մարտին Ինդիքը, որն ասել է, թե կգործադրի առավելագույն ջանքերը՝ խաղաղության և անվտանգության պայմաններում կողք կողքի ապրող երկու պետությունների մասին Բարաք Օբամայի տեսլականը կյանքի կոչելու համար:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին ասել է, թե Իսրայելն ու Պաղեստինցիները համաձայնության են եկել առնվազն ինն ամիս խաղաղության ուղիղ բանակցություններ անցկացնելու մասին: Արտգործնախարարության խոսնակը սակայն նշել է, որ ինն ամիսը վերջնաժամկետ չէ, և բանակցությունների անցկացումն ինքնաբերաբար չի դադարի այդ ժամկետը լրանալուն պես:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախօրեին կարողացել է հաղթահարել երկրի նախարարների խորհրդի ընդդիմությունը պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման հարցում:

Պաղեստինցի 104 բանտարկյալ ազատ արձակումը կիրականացվի չորս փուլով: Իսրայելի գլխավոր բանագնացը ասել է սակայն, թե պաղեստինցի բանտարկյալներն ազատ կարձակվեն միայն այն դեպքում, եթե «բանակցությունների ընթացքում պաղեստինցիները կապացուցեն, որ լուրջ գործընկեր են»:

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասն իր հերթին ասել է, որ Իսրայելը պետք է ազատ արձակի արդեն երկար ժամանակ ազատազրկման մեջ գտնվող բանտարկյալներին՝ բանակցությունները շարունակելու համար:

Բանտարկյալներին, որոնց թվում են գրեթե մեկ տասնամյակ առաջ Իսրայելի խաղաղ բնակիչների և անվտանգության ուժերի ուղղությամբ ահաբեկչական հարձակումներ իրականացրած անձինք, ազատ արձակելու մասին որոշումն առաջացրել էր Իսրայելի նախարարների խորհրդի ազգայնական անդամների ընդդիմությունը: Նրանց համաձայն, նման քայլը կդառնա «պարգևատրում ահաբեկչության համար»:

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն սակայն ասել է, որ բանտարկյալներին ազատ արձակելու մասին որոշում կայացնելը դժվար է եղել իր և ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքների համար, սակայն անհրաժեշտ՝ խաղաղության գործընթացը վերսկսելու նպատակով:
XS
SM
MD
LG