Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարը Հորդանանում խաղաղության բանակցություններ է անցկացրել


ԱՄՆ-ի արտգործնախարար. «Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատող անձանց առջև կանգնած է մի շատ պարզ հարց»

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին երկուշաբթի օրը հանդիպումներ է անցկացրել Հորդանանում Իսրայելի և պաղեստինցիների պաշտոնյաների հետ, որոնցից հետո ուղևորվել Ֆրանսիա՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Սիրիայում չդադարող քաղաքացիական պատերազմին վերջ դնելու վերաբերյալ բանակցություններ անցկացնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարարն ասել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատող անձանց առջև կանգնած է մի շատ պարզ հարց:

«Արդյո՞ք մենք, չնայած պատմական խոչընդոտների, համարձակություն կունենանք կատարելու այն ընտրությունները, որոնք մենք պետք է գիտակցաբար կատարենք՝ փակուղուց դուրս գալու և տարածաշրջանի բնակիչների կյանքում փոփոխություն առաջացնելու համար», - հարցով դիմել է արտգործնախարար Քերին:

Արձագանքելով արտգործնախարար Քերիի հարցին՝ պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասն ասել է, թե իր ժողովրդի տառապանքներն արդեն չափազանց երկար են շարունակվում:

«Մեզ համար անընդունելի է ազատության և անկախության, ինքնորոշման օրինական իրավունքի համար պայքար մղող ժողովրդի արժանապատվությանը հասցվող վիրավորանքները: Արդեն 65 տարի շարունակվող պայքարից հետո պաղեստինցիները պատրաստ են խաղաղության», - ասել է պաղեստինցիների նախագահ Աբբասը:

Հանդիպմանը մասնակցած Իսրայելի նախագահ Շիմոն Փերեսն ասել է, որ Քերիի կողմից գործադրվող ջանքերի շնորհիվ զգալի առաջընթաց են հաղորդում տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին:

«Մենք և պաղեստինցի մեր հարևանները պետք է հնարավորինս արագ վերադառնանք բանակցությունների սեղանին և իրական խաղաղություն հաստատենք: Նախագահ Աբբաս, Դուք մեր գործընկերն եք» - ասել է նախագահ Փերեսը:

Բացի մերձավորարևելյան խաղաղության բանակցությունների, արտգործնախարար Քերին աշխատանքներ է տանում Սիրիայի քաղաքացիական պատերազմին վերջ դնելու ուղղությամբ՝ Դամասկոսում ժամանակավոր կառավարության ձևավորմանն ուղղված ամերիկա-ռուսական նախաձեռնության շրջանակներում: Քերին երկուշաբթի օրն աշխատանքային ճաշկերույթի ընթացքում հանդիպում կունենա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի իր գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ:
XS
SM
MD
LG