Մատչելի հղումներ

Պատմական հանդիպում ԱՄՆ-ի և Իրանի արտգործնախարարների միջև


Քերիի և Զարիֆի հանդիպումը դարձել է երկու պետությունների պաշտոնյաների միջև ամենաբարձր մակարդակով հանդիպումը Իրանում 1979 թվականին տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին հինգշաբթի օրը պատմական հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, որի ընթացքում քննարկվել է Իրանի միջուկային ծրագիրը:

Քերիի և Զարիֆի հանդիպումը դարձել է երկու պետությունների պաշտոնյաների միջև ամենաբարձր մակարդակով հանդիպումը Իրանում 1979 թվականին տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո, որի ընթացքում պատանդ էին վերցվել ԱՄՆ-ի քաղաքացիներ և որից հետո երկու պետությունների միջև դադարեցվել են դիվանագիտական հարաբերությունները:

ԱՄՆ-ի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել այն հանգամանքով, որ Զարիֆը ժամանել է Նյու Յորք՝ աշխարհի տերությունների պաշտոնյաների հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով: Քերիի համաձայն, Իրանի արտգործնախարարը «ներկայացրել է որոշ հնարավորություններ»:

Արտգործնախարար Քերիի հետ առանձին հանդիպում անցկացնելուց առաջ Իրանի արտգործնախարարն այս երկրում իրականացվող միջուկային ծրագրի քննարկմանը նվիրված հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամն պետությունների և Գերմանիայի արտգործնախարարների հետ:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի համաձայն, այս հանդիպման «լեզուն և ոգին շատ ավելի դրական էին, քան վերջերս անցկացված այլ հանդիպումների»:

ՄԱԿ-ում անցկացված հանդիպմանը մասնակցած բոլոր կողմերը պայմանավորվել են գալիք ամիս հանդիպում անցկացնել Ժնևում:
XS
SM
MD
LG