Մատչելի հղումներ

Քերրին ու Դավութօղլուն հանդիպել են Մյունխենում


Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացման, խաղաղության բանակցությունների և մարդասիրական օգնություն, ինչպես նաև Կիպրոսի խնդիրները

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն շաբաթ օրը հանդիպում են ունեցել Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվող խաղաղության համաժողովի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում, ԱՄՆ-ի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վկայությամբ, արտգործնախարարները քննարկել են Սիրիայի վարչակարգի նկատմամբ ճնշումը գործադրել շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի վերջինս կատարի Լաթաքիա նավահանգիստ քիմիական զենքերը տեղափոխելու իր պարտավորությունը:

Նրանք համաձայնության են եկել, որ ավելի մեծ ջանքեր է անհրաժեշտ գործադրել՝ Սիրիայում մարդասիրական օգնության ծավալների ավելացման ուղղությամբ, ինչպես նաև «անընդունելի» են անվանել Հոմս և պաշարված այլ տարածքներ մարդասիրական ավտոշարասյուննների մուտքի հետաձգումը:

Արտգործնախարարներ Քերրին ու Դավութօղլուն քննարկել են Ժնևում Սիրիայի շուրջ խաղաղության բանակցությունների հաջորդ փուլը, ինչպես նաև Սիրիայի ընդդիմության և կառավարության կողմից բանակցությունների սեղան «Ժնևյան կոմյունիկեի» սկզբունքների քննարկմանը պատրաստ նստելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ-ի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Մյունխենում կայացած իրենց հանդիպման ընթացքում անդրադարձել են Կիպրոսի խնդրին, ինչպես նաև կղզին երկգոտի, երկհամայնք դաշինքի կազմում միավորելու ՄԱԿ-ի միջնորդությամբ անցկացվող բանակցային գործընթացին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող աջակցությունը:
XS
SM
MD
LG