Մատչելի հղումներ

Քարզայը համոզված է, որ անվտանգության ապահովման փոխանցումն իրագործելի է


Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ասել է, որ միջազգային գործընկերները համագործակցում են իր երկրի հետ՝ ահաբեկչության ու ծայրահեղության դեմ պայքարելու և տարածաշրջանում խաղաղություն և տնտեսական առաջընթաց հաստատելու գործում:

Այս հայտարարությամբ Աֆղանստանի նախագահը հանդես է եկել երկրի մայրաքաղաք Քաբուլում բացված մեկօրյա համաժողովի ժամանակ, որի ընթացքում երկրի միջազգային գործընկերները քննարկել են Աֆղանստանի ապագան 2014 թվականին օտարերկրյա զինված ստորաբաժանումների դուրսբերումից հետո: Նման համաժողով անցկացվել է Թուրքիայում անցյալ տարվա նոյեմբերին:

Քարզայի համաձայն, Աֆղանստանի իշխանությունները համոզված են, որ անվտանգության ապահովման փոխանցումը հնարավոր է ավարտել գալիք տարի՝ 2014 թվականին միջազգային ուժերի դուրսբերումից առաջ:

Նա ասել է նաև, որ Աֆղանստանի խաղաղության բարձրագույն խորհուրդը փոխանցման գործընթացի ամենակարևոր տարրերից է՝ նշելով, որ Խորհրդի նախագահը բանակցություններ անցկացնելու նպատակով շուտով կայցելի Սաուդյան Արաբիա և Պակիստան:

Քաբուլում «Ասիայի սիրտը» խորագրով անցնող համաժողովում մասնակցել է տարածաշրջանային 15 պետություն, ներառյալ Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանն ու Թուրքիան: Համաժողովի աշխատանքին մասնակցել են նաև Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի, ինչպես նաև ՆԱՏՕ-և և Եվրոպական Միության ներկայացուցիչները:

XS
SM
MD
LG