Մատչելի հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահը ԱՄՆ կատարվող այցի ընթացքում հանդիպումներ է անցկացրել


Լեռնային Ղարաբաղի նախագահը ԱՄՆ կատարվող այցի ընթացքում հանդիպումներ է անցկացրել
Լեռնային Ղարաբաղի նախագահը ԱՄՆ կատարվող այցի ընթացքում հանդիպումներ է անցկացրել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Նոյեմբերի 18-ին Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են Արցախ-Սփյուռք փոխհարաբերությունները, հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերը:

Նույն օրը Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահը, այցելելով Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարան, հանդիպել է թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական և թեմական վարչության անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչներին Լեռնային Ղարաբաղին սատարելու համար` նշելով, որ Արցախում մշտապես զգում են Սփյուռքի հայրենակիցների հոգատար վերաբերմունքը:

XS
SM
MD
LG