Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների հանձնաժողովները հաստատեցին Արցախին տրամադրվող օգնությունը


Ազատության ակտի 907-րդ ուղղման գործողությունը պահպանվեց

ԱՄՆ-ի Սենատի օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը հաստատեց 2014 ֆինանսավորման տարվա Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների օրինագիծը, որն իր մեջ ներառում է հատուկ զեկույց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Այս մասին հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը, որի համաձայն Սենատի զեկույցում առաջարկվել է «նախորդ տարիների գումարի չափին համապատասխան ֆինանսական օգնություն հատկացնել Լեռնային Ղառաբաղի հակամարտությունից տուժածներին և հակամարտությանը առնչվող ընթացիկ կարիքների համար»:

ԱՄՆ-ի Սենատի օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը, բացի այդ, հորդորել է խաղաղ լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շարունակական օգնության տրամադրումը կարևորագույն առաջնահերթություն է մնում», - ասել է ԱՄՆ-ի Սենատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովի անդամ, սենատոր Մարկ Քիրքը:

ԱՄՆ-ի Սենատի այս քայլը հետևել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ավելի վաղ կատարված նման քայլին:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրինագծի տարբերակի տեքստում ասված է, որ «այս տողի ներքո հատկացված ֆինանսական միջոցներով արտգործնախարարը պետք է նախորդ տարիների գումարի չափին համապատասխան օգնություն տրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին, ինչպես նաև հակամարտությանը առնչվող ընթացիկ կարիքների համար»:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հատկացումների օրինագծում նաև վերահաստատվում է ԱՄՆ-ի ազատության պաշտպանության ակտի 907-րդ ուղղման մարդասիրական և այլ օգնության վեց ավանդական բացառությունները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ազատության պաշտպանության ակտի 907-րդ ուղղումը հաստատվել է 1992 թվականին և պահանջում է, որպեսզի Ադրբեջանի կառավարությունից «ապացուցելի քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականացվող բոլոր տեսակի շրջափակումների վերացման և ուժի այլ կիրառումների դադարեցման ուղղությամբ»:

Ընդհանուր առմամբ, 2013 ֆինանսական տարվա սահմանված մակարդակից Սենատի օրինագծում կատարվել է հինգ տոկոսի կրճատում, մինչդեռ Ներկայացուցիչների պալատի օրինագծում նախատեսվում էր կատարել 19 տոկոս կազմող կրճատումներ:

«Հաշվի առնելով Արցախի շարունակական կարիքները, ես մեծ հաճույքով հայտնում եմ, որ ենթահանձնաժողովի նախագահողի և մեծամասնության անդամի հետ աշխատելու արդյունքում մեզ հաջողվեց ապահովել Ղարաբաղին ֆինանսական շարունակական օգնության տրամադրումը», - նշել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի անդամ և կոնգրեսական Ադամ Շիֆը:
XS
SM
MD
LG