Մատչելի հղումներ

Ինչու է Երուսաղեմը կարևոր մահմեդականների համար


Ինչու է Երուսաղեմը կարևոր մահմեդականների համար
Ինչու է Երուսաղեմը կարևոր մահմեդականների համար

Երուսաղեմը ծրագրում է հանդիսավոր կերպով բացել երկաթգծի մի համակարգ, որը կապելու է քաղաքի արևմտյան և արևելյան հատվածները: Երկաթգիծը ձգվում է Արևմտյան Երուսաղեմից մինչև Արևելյան Երուսաղեմ՝ հողեր, որոնք Իսրայելը գրավել է 1967 թվականի պատերազմի արդյունքում:

Պաղեստինցիները քննադատորեն են վերաբերվում այս նախագծին՝ Իսրայելին մեղադրելով Արևելյան Երուսաղեմում վերահսկողությունը ամրապնդելու ջանքերի մեջ, որը իսլամի երրորդ սրբավայրի՝ Ալ Աքսա մզկիթի գտնվելու վայրն է:

Փշալարերի փոխարեն, որոնք առնաձնացնում էին Հորդանանին պատկանող Արևելյան Երուսաղեմը Իսրայելի Արևմտյան Երուսաղեմից, այժմ երկաթգիծն է:

Նոր երկաթուղային համակարգը կապելու է Արևելյան Երուսաղեմի հիմնականում հրեական հատվածները Արևմտյան Երուսաղեմի հետ՝ ճանապարհին որոշ արաբական հատվածներում կանգառներ ունենալով:

Երուսաղեմի պաղեստինցի շատ բնակիչների համար գնացքը խորհրդանշում է Իսրայելի կողմից այս հողի զավթումը:

Մուհամեդ Դաջանիի արմատներն այս հինավուրց քաղաքում հարյուրավոր տարիների պատմություն ունեն:

«Երուսաղեմը կրոնական քաղաք է, և այդ առումով ես հավատում եմ դրա պատմությանը, դրա ուժին, տարիներ շարունակ գոյատևելու նրա զարմանալի ուժին: Երուսաղեմի ապագան տեսնում եմ որպես խաղաղության քաղաք, խաղաղության նմուշ, ուր բոլորը կարող են գալ», - ասում է Դաջանին:

Ալ Ասքայի Ժայռի գավիթի տակ այն վայրն է, որտեղ, ըստ առասպելի, Աբրահամը ցանկանում էր Աստծուն զոհաբերել իր որդուն: Այն նաև հրեաների հին մեծ տաճարի վայրն է:

Ղուրանում Երուսաղեմը անվանմամբ չի նշվում, սակայն մահմեդականները հավատացած են, որ այն նկատի ունի այս վայրը, երբ նկարագրում է Մուհամեդ մարգարեի գիշերային ճամփորդությունը դեպի դրախտ:

Իսլամի մարգարեները՝ Աբրահամը, Դավիթը, Սողոմոնը և Հիսուսը բոլորը քայլել են այստեղ:

Իսլամի զորքերն այստեղ են եկել 7-րդ դարում և հաստատել վերահսկողություն քաղաքի նկատմամբ: Տիրելով քաղաքին՝ իսլամը պահանջ ներկայացրեց հուդաիզմի և քրիստոնեության ծննդավայրի նկատմամբ:

Դաջանին կարող է մզկիթ այցելել, սակայն այն հասանելի չէ Իսրայելի անվտանգության սահմանից այն կողմ գտնվող պաղեստինցիների համար:

Սահմանափակումը զայրացնում է Երուսաղեմի մահմեդականներին, ովքեր Արևելյան Երուսաղեմի հսկողությունը Իսրայելի կողմից համարում են սրբապղծություն: Ըստ նրանց՝ մահմեդական հողերը պետք է լինեն մահմեդականների լիակատար վերահսկողության տակ:

Շեյխ Մուհամեդ Հուսեյնը Երուսաղեմի գլխավոր մուֆտին է:

«Իհարկե հսկայական տարբերություն կա Իսրայելի և Հորդանանի հսկողության միջև: Հորդանանի կողմից վերահսկողությունը Պաղեստինում մահմեդական արաբական հսկողության շարունակությունն է: Պաղեստինը և Երուսաղեմը Օմար խալիֆի ժամանակներից կառավարվել է մահմեդականների կողմից, և դա օգնել է քաղաքը մահմեդական պահելու գործում՝ բացառությամբ խաչակիրների պատերազմի ժամանակ», - ասում է Հուսեյնը:

Շատ բան է փոխվել վերջին 44 տարիների ընթացքում: Հրեաները տեղափոխվել են Դաջանիի հին թաղամասը:

Արևմտյան Երուսաղեմում, այն գերեզմանատանը, ուր Դաջանիի ընտանիքի դամբարանն է, դարձել է իսրայելական այգի:

Հավատամքի այս կենտրոնը ճակատամարտի վայր է, սակայն Դաջանին ասում է, որ այդպես չպետք է լինի:

«Այստեղ հրեաները քարոզել և կիրառել են հուդաիզմ, քրիստոնյաները՝ քրիստոնեություն, մահմեդականները՝ իսլամ. այս քաղաքը իրականում պետք է լինի սիրո քաղաք, գթության, հանդուրժողականության և խաղաղության քաղաք: Սակայն փոխարենը մարդիկ այստեղ պայքարում են քաղաքական իշխանության համար: Նրանք պայքարում են հանուն գույքի, ոչ թե մարդու: Հուսով եմ, որ մեկ օր կպայքարենք մարդու հոգու համար և մարդու համար, ոչ թե գույքի», - համոզմունք է հայտնել Դաջանին:

Արաբները և հրեաները շփվում են Երուսաղեմի փողոցներում: Սակայն դեռ երկար ժամանակ դա հեշտ համակեցություն չի լինելու:

XS
SM
MD
LG